![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ու նրանց ներկայացրած ավագանու թեկնածուների ցուցակները: Կուսակցությունների ցուցակներին նախնական գնահատական տալու համար անհրաժեշտ է կենտրոնանալ երկու հիմնական հարցի վրա: Առաջինը՝ որքանո՞վ են կուսակցության թեկնածուները պրոֆեսիոնալ, երկրորդ` կուսակցությունների հաղթանակի դեպքում ո՞վ է դառնալու քաղաքապետ:
ՀՀԿ - Կուսակցությունն ավագանու ընտրություններին ներկայացել է բավականին ներկայացուցչական ու պրոֆեսիոնալ կազմով: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն ՏԻՄ համակարգում երկար տարիների փորձ ունեցող թեկնածուներ, այլև հեղինակություն ունեցող մտավորականներ: ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ քաղաքապետի իր թեկնածուն Ավանի նախկին թաղապետ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:
ՀԱԿ - Ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ով դրական հեղինակություն վայելող գործիչ է, Հայաստանի համար բավականին բարդ շրջանում ղեկավարել է մայրաքաղաքը: Ցուցակը առանձնահատուկ է նրանով, որ դրանում զգալի տեղ է տրվել երիտասարդներին, ովքեր, չնայած իրենց երիտասարդ տարիքին, բավականին ակտիվ գործունեություն են ծավալում: Վ. Խաչատրյանին հաջորդում է «Ժառանգության» նախկին անդամ Զոյա Թադևոսյանը, առաջին նախագահի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արման Մուսինյանը և ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
ԲՀԿ - Կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, ով բավականին երկար ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտաքին քաղաքականության ոլորտում, ԲՀԿ-ում իր քաղաքական կողմնորոշումներով տարբերվող գործիչ է: Որպես քաղաքական գործիչ` ավագանու ընտրություններում «մրցունակ» է, սակայն նրա դեպքում ևս դժվար է տեսնել մի մարդու, ով ունակ է ղեկավարելու քաղաքային տնտեսությունը: ԲՀԿ-ի ցուցակը առանձնահատուկ է նրանով, որ նրանում ընդգրկված 194 թեկնածուներից 93-ի դիմաց նշված է, որ նրանք չեն աշխատում: Վ. Օսկանյանին հաջորդում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով հաջողակ գործարարի համբավ ունի:
«Բարև Երևան»- Դաշինքի ցուցակում ընդգրկված են հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ, որոնք, ակտիվ ու բանիմաց լինելով հանդերձ, այդքան էլ հարուստ աշխատանքային փորձ չունեն: Պրոֆեսիոնալիզմի առումով «Ժառանգության» ցուցակի առաջատարարները, կարելի է ասել, իրենց ոլորտում նորմալ մասնագետներ են՝ Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Մեսրոպ Մովսեսյան, Ստյոպա Սաֆարյան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» հաղթանակի դեպքում քաղաքապետի պաշտոնում տեսնում է Արմեն Մարտիրոսյանին, ապա մի փոքր կենտրոնանանք հենց նրա վրա: Ա. Մարտիրոսյանը զբաղվում է դասախոսական գործունեությամբ, ծառայել է բանակում, կուսակցության վարչության փոխնախագահն է, կուսակցությունում բավականին ակտիվ դերակատարություն ունի: Սակայն որպես մենեջեր` դժվար է հստակ գնահատական տալ:
ՀՅԴ - Ցուցակը գլխավորում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հենց առաջին հայացքից էլ նկատելի է, որ ՀՅԴ առաջին եռյակը բավականին մարտունակ է, իսկ կուսակցությունը, որպես կանոն, ցուցակում ընդգրկել է հնարավորինս պրոֆեսիոնալ թեկնածուների:
ՕԵԿ - Կուսակցությունը ևս հանդես է եկել բավականին ներկայացուցչական կազմով, սակայն նրա ընդգծված առաջատարը ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն է, ով «գործուղվել» է որպես «ուժային», բավականին բարձր վարկանիշ ու պրոֆեսիոնալի համբավ ունի: ՕԵԿ-ը ավագանու նախորդ ընտրություններում չի հաղթահարել ավագանու կազմում լինելու նվազագույն շեմը: Ցուցակում հաջորդ հայտնի դեմքը Հովհաննես Շահինյանն է (Արաբկիրի նախկին թաղապետ), սակայն նրա դերակատարությանն ու հեղինակությանը միանշանակ գնահատական դժվար է տալ: Վերջինս, ի դեպ, նոր է ընդգրկվել ՕԵԿ-ի շարքերում:
Առաքելություն - Վերոնշյալ կուսակցությանն ու նրա ցուցակին մի փոքր դժվար է գնահատական տալ, որովհետև կուսակցությունը նորեկ է ոչ միայն ընտրություններում, այլև առհասարակ քաղաքական դաշտում:




