Ասենք ինչպե՞ս անենք, որ մեր իշխանության, ընդդիմության ու «այլընտրանքի» պաշտոնատար անձինք հասկանան, որ հերիք է այդ սուտ թեզը առաջ բրթել, թե Հայաստանի քաղաքական համակարգում օլիգարխներ չկան։ Լավ, մի՞թե դժվար է հասկանալ, որ հասարակ ժողովուրդը էշ չի ու իր աչքով է տեսնում օլիգարխներին էլ, նրանց գործունեության արգասիքն էլ։ Իշխանավորների կողմից ավելի ճիշտ կլինի տաբուացնել այս թեման կամ հրաժարվել ցանկացած հարցադրումի պատասխանելուց, որը վերաբերում է նրան, թե արդյո՞ք մենք օլիգարխներ ունենք, թե՞ ոչ, քան ինչ-ինչ նկատառումներով իրենց պեչենու բաղերը գցեն, իսկ իդեալականում ավելի լավ կլինի, իհարկե, որ օլիգարխներին, որպես երևույթ, արմատախիլ անեն Հայաստանի պետական համակարգից։
Ամեն դեպքում, հերթական պաշտոնյան, ով առիթ է տվել իր հարցազրույցով, որպեսզի ես գրեմ այս ամենը, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է։ Նայեք, թե ի՞նչ է ասել «այլընտրանքային» ուժի ներկայացուցիչը.
Խորհրդարանում օլիգարխներ կա՞ն:
«Չգիտեմ, փնտրում ենք, հլը որ չենք գտնում:
Ինչպե՞ս եք փնտրում:
Ասենք` պատգամավորական որոնումներ ենք կատարում, հարցումներ եւ, ճիշտն ասած, չենք կարողանում հայտնաբերել փաստաթուղթ, որ թիվ ներկայացնի:
Փաստաթղթի՞ն եք հավատում, թե՞ խորհրդարանի հայտնի դեմքերի ներկայությանը:
Իհարկե: Ճիշտն ասած, հարցի իմաստը չեմ հասկանում, ի՞նչ ասել է օլիգարխ:
Բացատրություններից մեկն էլ այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են:
Իսկ Ձեզ ի՞նչ ա թվում: Օրինակ, ես նախկինում եղել եմ բիզնեսմեն, հիմա էլ ունեմ փոքր բիզնես: Ձեզ ի՞նչ ա թվում, այսքան ժամանակ խորհրդարանում եմ, տեսե՞լ եք մի օրենքի նախաձեռնություն, որ իմ կամ մեր օգտին ենք արել: Մտածենք` վա՜յ, ինչ անենք, որ մեզ համար լավ լինի, մեր գործերը լավ լինեն:
Անձամբ Ձեր առումո՞վ չի եղել, թե՞ ընդհանրապես:
Կարող է եւ բիզնեսի մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ մարդիկ եկել են ստեղ, որ իրենց բիզնեսներին տիրություն անեն, իրենց անձնական հարցերը լուծեն: Ոչ մեկն իրեն թույլ չի տա օրենքի նախագիծ բերի, որ իր գործերը լավ գնան:
Ամեն ինչ վերեւներում են որոշում: Չէ, ի վերջո, դնում ենք, քննարկենք, չէ՞: Ես մեկ այլ բանի վրա եմ զարմանում. արդյո՞ք այստեղ ընդունված օրենքները ժամանակավրեպ չեն: Գուցե շատ լավն են, բայց ոչ մեր կարգավիճակով երկրի համար»:
Ամոթ է, ամո´թ։ Կրկնում եմ՝ մարդիկ էշ չեն, իսկ խորհրդարանի օլիգարխ ու համարյա օլիգարխ դեմքերին անուն առ անուն կարող է թվել անգամ դպրոցականը։



