Հարգելի ընթերցող, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակների անվանաքանակը ինձ հիշեցնում է մեր ամանօրյա սեղանները, քանզի նրանք պլանավորվում են «ինչքան շատ, այնքան ճոխ ու լավ» սկզբունքով: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը: Այն բաղկացած է 195 հոգուց: ԲՀԿ-ի ցուցակը կազմված է 194 անունից: Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու անդամների թիվը ընդամենը 65 է: Տեսեք ԲՀԿ-ի ցուցակը 1 հոգով պակաս է ՀՀԿ-ի ցուցակից, և դա պատահականություն չէ: Պատահականության չէ, քանզի ԲՀԿ-ն միշտ իրեն «համեստ և զգաստ» է պահում, երբ խոսքը գնում է ՀՀԿ-ի հետ համեմատվելու հարթության շրջանակներում: Նախ հասկանանք, այդ, ինչ երկուստեք «գյորմամիշություն» է, ցուցակում ընդգրկել 3 անգամ ավել մարդ, քան ամբողջ Երևանի ավագանու քանակը... Լավ, փորձենք թե՛ ՀՀԿ-ին, թե՛ ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի ոճով հարցնել` «Այդքան մարդ եք ներկայացնում, որ ի՞նչ անեք»: Իհարկե, հարցնենք չհարցնենք՝ մեկ է պատասխանը գոհացուցիչ չի լինելու տրամաբանության բացակայության պատճառով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս երկու կուսակցությունները Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ «զորավարժությունների կազմակերպման մեխանիզմով’» են շարժվելու, այսինքն՝ համալրում են մաքսիմալ շատ և, եթե զինվորների մի մասը տեղանքում շփոթվի և կորի, գոնե բավարար քանակը հասնի նպատակին: Տվյալ դեպքում 65 հոգին....
Հիմա ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին: Այն, որ ԲՀԿ-ի գործող ավագանիները Տարոն Մարգարյանի ամբողջ պաշտոնավարման ընթացքում միայն «կարգապահ օգնականի» դեր են կատարել, դա շատերիս մոտ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Սակայն, եթե հետևենք այդ տրամաբանության շարունակական լինելուն, ապա անհասկանալի է դառնում՝ ինչու են ապագա օգնականները այս ընտրությունից առաջ օգնականներին ոչ «հարիր ագրեսիվություն» ցույց տալիս:



