«Մի սիրո պատմություն» շարքից

Նա կանգնած էր Շումանի դռան առջև... Չէր հանդգնում սեղմել զանգի կոճակը...
Բաց պատնուհանից լսվում էին դաշնամուրի հնչյուններ... Միգուցե չի՞ եկել ժամանակին... Ոչ, չի կարելի բաց թողնել Շումանի հետ ծանոթանալու հնարավորությունը...և շոշափելով գրպանում երաշխավորական նամակը՝ 20-ամյա Բրամսը հնչեցրեց դռան զանգը...
Շումանը, ներս թողնելով հյուրին, անմիջապես հրավիրեց դաշնամուրի մոտ և խնդրեց նրան կատարել ինչ-որ բան... Առաջին տակտից հետո նա վեր թռավ տեղից ու բացականչեց. «Սա պիտի լսի Կլարան»: Այսպես տեղի ունեցավ 43-ամյա Ռոբերտ Շումանի և նրա կնոջ՝ եվրոպական համբավ ունեցող հիասքանչ դաշնակահարուհու՝ Կլարայի հետ ծանոթությունը...
Հաջորդ օրը Շումանը գրեց իր օրագրում. «Հյուր էր եկել Բրամսը...նա հանճար է»: Ինչ-որ հիացական բան գրեց և Կլարան իր օրագրում...
Բրամսը ցնծում էր ուրախությունից... Դե, իհարկե, չէ՞ որ հենց ինքը՝ հանճարեղ Շումանը, համարեց նրան տաղանդավոր...
Կլարան 34 տարեկան էր: Նա ինը տարով երիտասարդ էր ամուսնուց և տասչորս տարի մեծ Բրամսից... Նրբակազմ, գեղեցիկ կին էր Կլարան... Վեց երեխաների մայր...
Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ 1853թ. աշնանը...  և այդ ժամանակ այս երեքից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ընթացք կստանա նրանց ծանոթությունը... և ինչպիսի ողբերգական ավարտ է նախապատրաստել ապագան Շումանի համար.....

    
1828թ. հոգեբույժ Կարուսի տանը Շումանը ծանոթանում է երաժշտության ուսուցիչ Ֆրիդրիխ Վիկի և նրա տասնամյա դստեր՝ Կլարայի հետ... Բժիշկ Կարուսը համոզում է Շումանին լրջորեն չզբաղվել երաժշտությամբ... Մի՞թե Ռոբերտը չի գիտակցում, թե որքան դժվար է մրցակցել արդեն մեծ ճանաչում և համբավ ունեցող Մենդելսոնի, Շոպենի, Լիստի հետ... Շումանն անդրդվելի էր... Նա ամեն օր այցելում էր Վիկի տուն և դաշնամուրի մոտ անցկացնում 6-7 ժամ... Իսկ հանգստի ժամին զբոսնում էր Կլարայի հետ նրանց այգում... Երաժշտությունը մտերմացրել էր նրանց՝ ջնջելով նրանց ինը տարվա տարիքային տարբերությունը... 
Երբ լրացավ Կլարայի 17 տարին, Շումանն իսկապես սիրահարվեց նրան... Իսկ Կլարան արդեն շատ վաղուց էր սիրահարված նրան... Նրանք որոշում են ամուսնանալ... Ֆրիդրիխ Վիկը չի ցանկանում տալ իր համաձայնությունը... Ինչպե՞ս թույլ տար իր աղջկան ամուսնանալ «կասկածելի» կոմպոզիտորական եկամուտներ ունեցող այդ անձնավորության հետ... Ոչ, նա կտրականապես դեմ է այդ միությանը...
Կլարան ու Շումանը ամուսնանում են թաքուն... Աղջկա հայրը, իմանալով այդ մասին, անիծում է նրան այսպիսի խոսքերով. «Ես անիծում եմ քեզ, և տա Աստված, որ մի օր երեխաներիդ հետ հայտնվես իմ տան շեմին...ողորմություն խնդրելու համար»:
   
Կլարան ու Ռոբերտը երջանիկ էին... իսկ երբ ծնվեց նրանց առաջնեկը, Շումանի ոգևորությունն անսահման էր... Նա շատ էր աշխատում... «Փերին ու դրախտը» օրատորիայի առաջին ներկայացումը (պրեմիերան) նրան մեծ հաջողություն է բերում ....
Նրա անունը հայտնի է դառնում... Ֆրիդրիխ Վիկը, համոզվելով, որ իր փեսան համընդհանուր ճանաչում է ձեռք բերել, գրում է նրան. «Թանկագին Շուման, հիմա մենք միմյանցից հեռու չպիտի լինենք... Դուք արդեն հայր եք-կհասկանաք ինձ... Հարկավոր չեն երկար բացատրություններ...»:
1844թ. տեղի է ունենում Կլարայի համերգային շրջագայությունը Ռուսաստանում: Ռոբերտը ուղեկցում էր կնոջը...բայց առանց մեծ ուրախության... Ի տարբերություն Եվրոպայի՝ նա այս երկրում հայտնի չէր... Նրան շատ էր ճնշում սեփական անկարևորության զգացումը... Նա տառապում էր այն մտքից, որ պարզապես հանդիսանում է ամուսինը նշանավոր դաշնակահարուհու... Հաճախ էր արտասվում և փորձում ալկոհոլով խլացնել վախն ու հուսահատությունը...
Հենց այս ժամանակահատվածում է նրանց տանը հայտնվում Բրամսը...
Ապրելով Շումանի տանը՝ երիտասարդ Բրամսը գրեթե չէր նկատում հյուրընկալ տանտիրոջ հիվանդագին վիճակը... Նրա մտքերը զբաղված էին Կլարայով... Աստիճանաբար հիացական պաշտամունքը վերածվում է իսկական սիրո.... Բրամսը հայտնվում է ծանր իրավիճակում... Կլարան մագնիսի նման ձգում էր նրան... Նա այլևս անկարող է հաղթահարել այդ զգացողությունը... զգացմունքը...նրա հանդեպ տածած իր մեծ սերը...և որպեսզի ինչ-որ կերպ լուծում տա այս իրավիճակին, հեռանում է Շումանի տանից...
Այդ ընթացքում Շումանի առողջական վիճակը կտրուկ վատանում է... Նրան տանջում են հալյուցինացիաներն ու անքնությունը... «Ա՜խ, Կլարա, ես արժանի չեմ քո սիրուն,-կրկնում էր Շումանը,-գիտեմ, ես հիվանդ եմ, և ես ուզում եմ, որ ինձ հոգեբուժարան տանես....»:
1854թ. փետրվարին Շումանն աննկատ դուրս է գալիս տանից... Հորդ անձրևի տակ վազելով՝ անցնում է կամրջի կեսն ու իրեն նետում Ռեյն գետը... Բարեբախտաբար, մոտակայքում ձկնորսներ են լինում, որոնք էլ փրկում են նրան... Շումանը նախքան գետը նետվելը ջուրն է նետում իր ամուսնական մատանին... Ավելի ուշ հայտնաբերում են մի թղթի կտոր, որի վրա նա գրել էր. «Սիրելի Կլարա, ես գետն եմ նետում իմ ամուսնական մատանին... Դու էլ նույնն արա ... ու երկու մատանիները կմիավորվեն այնտեղ...»:

Շարունակելի ............

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել