Հարգելի Տարոն Մարգարյան, գուցե նամակս շատ քննադատական հնչի, սակայն որպես երևանցի, Ձեզ՝ որպես Երևանի քաղաքապետի, իմ պարտքն եմ համարում ներկայացնել իմ ու շատ այլ երևանցիների տեսակետը:
Լինելով թաղապետ Ավան համայնքում՝ Ձեր աշխատանքն իսկապես արժանի է եղել գովասանքի, որպես արդեն Երևանի քաղաքապետ ևս պետք է նշեմ, որ բավականին մեծ փոփոխություններ կրեց Երևանը՝ սկսած կանաչապատումից, վերջացրած նստարանների տեղադրումով, կանգառների տեղադրմամբ և այլն: Շնորհավորում եմ, Դուք իսկապես նվիրված ու նախաձեռնող գործիչ եք, սակայն կա մեկ հանգամանք: Դուք մի կուսակցության անդամ եք, որում, թեպետ Սերժ Սարգսյանը օլիգարխ չի տեսնում, սակայն իրականում ՀՀԿ-ն այսօր «ամենահարուստն» է օլիգարխ անդամներով, որը բնականաբար չի կարող չառաջացնել ժողովրդի արդար զայրույթը, հատկապես նման անձանց հանդեպ, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում, սակայն չեն զլանում մի լավ ցինիզմով ծաղրել ՀՀ քաղաքացիներին, իրենց հայրենակիցներին և վերջապես հայի: Հարգելով Ձեր հայրիկի հիշատակը և վստահ լինելով, որ ինքն անձամբ դեմ կլիներ, որ ՀՀԿ-ն «հարստանար» կին ծեծող մարզպետերով, ընտրությունները կեղծող քաղաքապետերով, սուպերմարկետների ցանցեր ունեցողներով և այլն, ուզում եմ հարց հղել Ձեզ: Նորից ընտրվելու դեպքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու՝ նման անձանց քաղաքականությունից հեռացնելու համար: Ամեն դեպքում դուք հանրապետության 1/3-ի ղեկավարն եք, և կարծում եմ, որ կկարողանաք ուժ գտնել սկսելու պայքար, և հավատացեք, որ ժողովուրդը կլինի Ձեր կողքին: Ցավալի է, որ Դուք ամեն դեպքում այդ կուսակցության անդամ եք, քանի որ Ձեր կուսակից օլիգարխները իշխանությունը համարում եմ իրենցը և ոչ թե ժողովրդինը: Նրանց կարծրատիպերը կարճ ժամանակում կոտրել դժվար կլինի, քանի որ նրանք ամեն գնով ձգտում են ունենալ իշխանություն ոչ թե ժողովրդին ծառայելու համար, այլ իրենց բիզնեսը ապահովագրելու, ժողովրդի հաշվին հարստանալու համար: Ցավում եմ, որ այն կուսակցության անդամ եք, որի փաստացի նախագահը համարում է, թե մեղմ ասած օլիգարխներ չկան իր կուսակցությունում: Հուսով եմ՝ Դուք առնվազն կույր չեք և տեսնում եք իրականությունը, գիտակցում, որ այդ գործարար-օլիգարխները անդամություն վերցրել են, որպեսզի ոչ թե պաշտպանեն ժողովրին, այլ իրենք իրենց՝ ՀՀ ներկայիս նախագահի բարձր հովանու ներքո: Եվ նորից ստիպված եմ վերադառնալ սկզբին: Այս ամենը ժողովուրդը տեսնում է ու հասկանում: Թեպետ հասարակ երևանցին հարգում է Ձեզ որպես անհատ, որպես Երևանի քաղաքապետ, բայց չի կարող հարգել որպես ՀՀԿ-ական: Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաղթահարեք այս «խոչընդոտը», քանզի մայիսի 5-ին երևանցին պետք է քվեն տա ոչ թե անհատ Տարոն Մարգարյանին, այլ ՀՀԿ-ին:
Շնորհակալություն:
ՀՀ անկախ քաղաքացի, անկուսակցական, երևանցի՝ Արմեն Մխեյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել