ATV-ի վաղորդյան «հիմնը»
«Օրհներգ» են պղծում մի քանի ձայնեղ թեթևամիտներ՝
Մի խումբ երգիչներ համբավի հասած:
«Մեր հայրենիքի» անվան տակ ծեգին խուժում են եթեր
Օտար դայլայլներ, նեգրական պասաժ:
Եվ բնական է, երբ տհասներն են իշխանավորներ՝
Դրամի ուժով հայտնի ու հարգի,
«Օրհներգն» էլ պիտի հնչի նույն հանգի:
Օրհներգն այդ պղծյալ հենց որ երգեն ճիշտ,
Խոնարհ կլսեմ ոտնկայս և միշտ.
Իսկ այսօր ըմբոստ շանթում եմ ես ձեզ՝
Ի՜նչ եք գեղգեղում սարյակների պես...
Ըմբոստ շանթու՜մ եմ, բայց արի ու տես,
Որ սարյակներից ամենաչաղը,
Որ շա՜տ «սիրուն» է ծոր տալիս տաղը,
Տերերի կամքով կդառնա վաղը
Մեր մշակույթի նոր նախարարը...
Հետգրություն - Մեր մեջ ասած («մենք» ասելով նկատի ունեմ ֆեյսբուքահայությունն ու բլոգահայությունը), համաձայն ՀՀ սահմանադրության, Օրհներգի կամ Զինանշանի պղծումը քրեորեն պատժելի արարք է համարվում: Բայց, քանի որ քրեականներն ու դրանց պոտենցիալ հավակնորդներն ավելի մեծ շանսեր ունեն հայտնվելու կառավարական կառույցներում, ապա չեմ բացառում, որ իմ այս փոքրիկ «մարգարեությունը» շուտով իրականություն դառնա:
Խաչիկ-Ապեր
Նյութի աղբյուր՝ http://khachik-aper.blogspot.com/2012/03/atv.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



