Civilnet.am-ը գրում է.
 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը. այս մասին հայտարարեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր ասուլիս էին հրավիրել Երևանում։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մեկ այլ անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ ներկայում իրենց իրավաբանների խումբն ակտիվորեն աշխատում է դիմում-բողոքների կազմման վրա, և պատրաստվում են ընտրության օրը գրանցված ընտրախախտումների դեպքերը բողոքարել նախ տարածքային ընտրական հանձնաժողովներում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և վերջում՝ Սահամանդրական դատարանում։

«Ես ուզում եմ այս փաստի վրա հրավիրել բոլորի ուշադրությունը և ասել, որ ընտրությունները դեռ ավարտված չեն։ Ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացները ավարտված չեն։ Ես խնդրում եմ բոլորին, հատկապես միջազգային հանրությանը, չշտապել շնորհավորել որևէ կուսակցության և սպասել բողոքարկման արդյունքներին»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով ընտրության օրը գրանցված խախտումների տեսակներին և խախտման գործընթացում ներգրավված անձանց՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանն ասաց, որ իրենց հայտնաբերած խախտումների հիմնական մասը՝ 300 դեպքից ավելի, արվել է հանձնաժողովի նախագահների կամ անդամների կողմից, ընդ որում՝ 250-ի դեպքում ներգրավված են եղել հենց հանձնաժողովի նախագահները։ 200-ից ավելի դեպքերում ներգրավված են եղել ընտրողներ, 70-ի դեպքում՝ կողմնակի անձինք, 55 դեպք գրանցվել է վստահված անձերի մասնակցությամբ և 29-ը՝ դիտորդների։

«Անկախ դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ ներկայացրեց ընտրության օրը իրենց դիտարկած  200 տեղամասերում գրանցված խախտումների աշխարհագրությունը և տեսակները։ «Մեր կողմից դիտարկված 200 տեղամասերից 52 տոկոսում գրանցվել են վերահսկվող քվեարկության դեպքեր, այսինքն՝ բացի ընտրողից, այլ անձ նայել է, թե քաղաքացին ում է քվեարկում, և սա չի վերաբերում սահմանված կարգով օգնողներին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել