Այսօր շատերը ժողովրդին մեղադրում են մասսայաբար կաշառք վերցնելու համար: Մեղադրելը հեշտ է, բայց լուծում չէ: Իսկ մյուս կողմից սա այն նույն ժողովուրդն է, որը հարկ եղած դեպքում տալիս է հերոսներ, ինչպես եղավ ուղիղ մեկ տարի առաջ, և պատրաստ է շատ զրկանքներ կրել հանուն ազգի: Ժողովրդին պետք չէ մեղադրել, ոչ էլ աստվածացնել: Նրան պետք է հասկանալ: Նա, ով կհասկանա մեր ժողովրդին, այն ժամանակ կարող է հավակնել առաջնորդութան և ժողովրդի կողմից տրված իշխանության:

Ռեժիմին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց մի բանում չի կարելի մեղադրել, որ նա ժողովրդին չի հասկանում: Ռեժիմը ժողովրդին հասկանում է շատ ավելի լավ, քան որևէ այլ մեկը: Նա հասկացել է ժողովրդի թուլությունները, դրանից օգտվելով՝ նրան սարքել է հլու-հնազանդ կաշառակեր և ծնկի է բերել:

Մեզ պետք են այնպիսի առաջնորդներ, ովքեր կհասկանան ոչ միայն ժողովրդի ժամանակավոր թուլությունները, այլ նաև նրա ազնվական ոգին, նրա՝ դարերի խորքից եկող արժանապատվությունը և մարդկային բոլոր առաքինությունները: Իրական առաջնորդները կօգնեն ժողովրդին հաղթահարել թուլությունները, վերարթնացնել և քաջալերել նրա առաքինի հատկությունները և նրան ոտքի կանգնեցնել: Այսպես միայն կարող ենք ունենալ արժանապատիվ ժողովուրդ, որին հնարավոր չէ նվաստացնել ու կաշառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել