Իմ տպավորությամբ՝ այս քարոզարշավը լիովին տեղավորվում է «քարոզարշավ» եզրի տրամաբանության մեջ։ Նույնիսկ որոշ հարցերում առավել հետաքրքիր է, բազմազան, քան նախկինները, ու նորամուծություններ կան։
Մարդիկ խոսում են, բակերում հանդիպումներ են անում, համոզում են, ոմանք շատ են խաբում, ոմանք՝ ավելի քիչ, ոմանք մանիպուլյացիաներ են անում, ոմանք վատ PR են անում, ոմանք ավելի պրոֆեսիոնալ են աշխատում և այլն։ Բայց կարևորը, որ աշխատում են, հայերեն ասած՝ «վիզ են դնում»։
Է՞լ ինչ են անում։ Հա, պաստառներ ու բուկլետներ են տպում, բաժանում են, փակցնում են վերելակներում, պոկում են մրցակիցների պաստառները։ Նորմալ է։ Համերգ են անում, երգում-պարում են, դա էլ է բնական, դա էլ ընտրողի սիրտը շահելու միջոց է։
Մի մոռացեք, որ ընտրողները սարսափելի տարբեր են, և եթե այս կամ այն քարոզչական գործողությունը ձեզ չի գոհացնում, ապա չի նշանակում, որ բոլորին չի գոհացնում։ Ձեզ համար էլ թեկնածուներն ուրիշ միջոցներ են ձեռնարկում :)
Իսկ դուք ինչպե՞ս էիք պատկերացնում քարոզարշավը։