Գյումրիում իսկական տեղեկատվական պատերազմ, ես անգամ կասեի տեղեկատվական խուժան կռիվ է գնում Վարդանիկի ու Բալասանյանի միջև։ Ամեն ինչ սկսեց այն բանից հետո, երբ արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, որոնցում Վարդանիկին մեղադրում էին ֆինանսական չարաշահումների մեջ, Վարդանիկը, ելույթ ունենալով տեղական «Ցայգ» հեռուստատեսության եթերում, սկզբում հայտարարել է, թե ինքը մի այլ կարգի լավ է պահել Գյումրին ու բազմաթիվ աշխատանքներ է տարել, հետո էլ ասել է, թե բանավեճի է կանչել Բալասանյանին, բայց վերջինս չի ներկայացել ու հավելել է. «Ես չէի էլ կասկածում, որ հանկարծ կներկայանան այդ մարդիկ, որովհետեւ երբ որ լույսը դուրս է գալիս, խավարը փախչում է»։
Այս հայտարարությանը համահունչ պատասխանել է Բալասանյանի մամլո ծառայությունը. «Անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, եւ Գյումրիի քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից եւ խայտառակի գյումրեցու բարի համբավը»:
Վարդանիկը սակայն չի հանդարտվել ու էլ ավելի անձնական վիրավորանքներով հագեցած արձագանք է թողել. «Հանրապետության 2-րդ քաղաքը դատապարտված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրիի քաղաքապետ»:
Եվ այս հեռակա վիճաբանությանն առայժմ լոււռ հետևում է Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով լրագրողներին ասել է, որ ինքը ինչ էլ անում է այս կապակցությամբ, չի բարձրաձայնում, իսկ իր դիրքորոշումը հետևյալում է. «Միայն մեկ բան կասեմ՝ ես միայն խաղաղության եւ հանդուրժողականության կոչ եմ անում, որովհետեւ բոլոր հարցերը կարող են լուծվել այդ մթնոլորտում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել