Նախագահական ընտրությունների արդյունքում արձանագրվեց մի փաստ, որ շատ համայնքներում ընդդիմությունը կարողացավ հասնել թե՛ փաստացի և թե՛ դե յուրե հաղթանակի՝ պայքարելով և պաշտպանելով ձայների առավելությունը։  

Ինչպե՞ս է այս հանգամանքը հարաբերվում այլընտրանքային ընտրությունների գաղափարին։ Հարց է առաջանում՝ եթե հնարավոր է շատ տեղամասերում ընտրություններով հաղթել, ապա ի՞նչ կարիք կա այլընտրանքային իշխանություններ ձևավորել։ Մյուս կողմից էլ կա փաստ, որ ավելի մեծ քանակությամբ ընտրատեղամասերում, ռեսուրսների պակասության կամ այլ պատճառներով, կեղծիքները չեն կանխվել, և ընդդիմությունը չի կարողացել ապահովել հաղթանակ։ Այսպիսի տեղամասերում այլընտրանքային ընտրություններն են նպատակահարմար։

Այս երկու մոտեցումները կարելի է համատեղել այսպիսի պրագմատիկ սկզբունքով․ յուրաքանչյուր հնարավորության դեպքում փորձել ընտրություններում հաղթել։ Եթե հաջողվի, շատ լավ։ Իսկ եթե կլինեն ընտրակեղծիքներ և չի հաջողվի, ապա այդ դեպքում ձևավորել այլընտրանքային իշխանական կառույցներ։ Այս մոտեցումով կարելի է հանրապետության մասշտաբով ձևավորել ժամանակավոր հիբրիդային իշխանություն, որը իշխանափոխության հասնելուց հետո կդադարի։

Իսկ մինչ այդ առաջին հերթին հարկավոր է լուրջ նախապատրաստվել և մասնակցել Երևանի ընտրություններին։ Միասնական ուժերով ՀՆԱՐԱՎՈՐ Է ուժեղ հսկողություն սահմանել և կանխել կեղծ ընտրությունները։ Դա արդեն Երևանի մի քանի համայնքներում ապացուցվել է, իսկ լրացուցիչ ուժերով կարելի է նաև բոլոր համայնքներում հասնել հաղթանակի։  

Երևանում ընդդիմության հաղթանակը կլիներ շատ կարևոր բեկումնային իրադարձություն իշխանափոխության գործընթացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել