ԲԱՑ ՆԱՄԱԿ
Տիկին ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ
Շատ սիրելի տիկին Անահիտ, գիտեք, որ մեծագույն հարգանք եմ տածում Ձեր անձի հանդեպ, որ միշտ հիացել եմ Ձեր ազնիվ քաղաքացիական կեցվածքով, Ձեր անճառ հայրենասիրությամբ: Նաև հավատացել եմ Ձեր բոլոր դիրքորոշումներին և մոտեցումներին, որովհետև Դուք մեր իրականության այն բացառիկ կանանցից եք, ում բնությունն անսահման կանացիությունից և մայրական գորովից զատ՝ օժտել է նաև մեծ խոհեմությամբ: Ուստի հենց Ձեզ եմ դիմում՝ գիտակցելով, որ համաժողովրդական այս արթնացումի ու վերհառնումի մեջ նաև Ձեր տեսլականներն են ամփոփված…
Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ու մարդկանց ոգեշնչեց մտածել ազատ, անկաշկանդ, նա որևէ մեկին չտարավ դեպի բռնություն ու պարիսպների ավերում, այլ մի պարզ ու մարդկային բառով՝ ԲԱՐԵՎ, հասավ բարոյական հեղափոխության: Հայաստանում իսկապես այսօր արձանագրվել է նոր իրավիճակ, մենք իսկապես մի նոր Հայաստանի դռանն ենք կանգնած: Բայց արդեն նկատելի է, որ այդ դուռը շուտափույթ կերպով փակվելու է, որովհետև ճշմարիտ ու ազնիվ զարթոնքը հատկապես այսօր վերածվել է բալագանախաղի, ծաղրուծանակի… Նիկոլ Փաշինյանի հորինած կառավարությունախաղը ամենամեծ ծաղրն է, որովհետև դույզն իսկ բանականություն ունեցող մարդը ամբոխավարական հիմունքներով կառավարություն չի ձևավորում ու հռչակում, հրապարակը գաղափարների մատուցման վայր է, սակայն նույն հրապարակը պլեբսի կրքերի ու տրամադրությունների պոռթկման հանգրվանն է, հետևաբար այստեղ չի կարելի կեղծ ժողովրդավարություն խաղալ, այստեղ չի կարելի զավեշտի վերածել այնպիսի բարդ ու նպատակային իրողություն, ինչպիսին կառավարության ձևավորումն է: Եվ այն էլ՝ ումով. Նիկոլին մտերիմ մի քանի լրագրողներով ու իրավաբաններով, Հայաստանի տնտեսությունը տապալած մարդկանցով, գրանտակերների առաջնորդներով… Իհարկե, Կարինե Խոդիկյանի, Լիլիթ Գալստյանի, Ստեփան Դեմիրճյանի նման ազնվագույն մարդկանց անունների հիշատակումն ասես փրկում է զավեշտը, սակայն այս ամենը չափազանց անլուրջ է, այս ամենը դեպի ձախավերություն է տանում Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն ձեռքբերումները, որոնք հետայսու ժողովրդինն ու Հայաստանի ապագայինն են: 
Շատ սիրելի տիկին ԱՆԱՀԻՏ, թանկագին ՄԱՐԴ, կարծում եմ, որ երբեք ամբոխավարությանը տուրք չտված Րաֆֆի Հովհաննիսյանի համար հիմա դժվար շրջան է, բարդ շրջան: Դյուրին չէ քաղաքական ճշգրիտ որոշումներ կայացնելը, որովհետև ճշմարիտ պատրիկը կարող է սայթաքել, երբ պլեբսը դառնում է պոպուլիստների հպատակը: Գործադրեք Ձեր ուժն ու եռանդը և համոզեք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հեռու կանգնել կառավարություն ձևավորելու այս թատերային ձևից, հրաժարվել Նիկոլ Փաշինյանի ծառայություններից, որոնք բնավ էլ անկեղծ չեմ կարող համարել… 
Օրավուր մարդիկ համախմբվում են մեծ գաղափարի շուրջ, օրավուր իշխանությունն էլ պատրաստվում էր կարևորելու այս շարժումը՝ ի վերջո անձնատուր լինելու ու պարտությունն ընդունելու համար: Մինչդեռ այսօրվա իրադարձությունները, տարբեր իբր քաղաքական գործիչների հրապարակային բանախոսությունները սկսեցին մարդկանց վանել հրապարակից, հուսահատեցնել…
Հայաստանը ստացել է վերափոխման պատմական հնարավորություն: Եկեք գուրգուրենք ու փայփայենք այն:
Միշտ Ձեր նվիրյալ բարեկամ՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել