Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ֆրանսիական www.newsring.fr լրատվական կայքը հարցում է անցկացնում` անհրաժե՞շտ է, արդյոք, այդ օրինագծի ընդունումը, թե՞ ոչ: Այստեղ պահանջվում է բոլորիս ակտիվությունը: Ցավոք, մենք առայժմ պարտվում ենք: Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել մաքսիմալ ակտիվություն, աջակցել հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բուայեյին և իր թիմին: Կխնդրեի բոլոր հնարավոր տարբերակներով տարածել այս կայքը ողջ համացանցում:  

Հարցին կարելի է պատասխանել «այո» (Oui)` այստեղ` http://www.newsring.fr/societe/165-faut-il-une-loi-sur-le-genocide-armenien:

«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության (Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը) անդամ  Վալերի Բուայեն  և խորհրդարանի ևս 5  պատգամավորներ փետրվարի 6-ին «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» օրինագծի նոր փոփոխված տարբերակը ներկայացրել են Ֆրանսիայի Ազգային ժողովի համապատասխան բաժին`  այն քննարկման դնելու պահանջով: Օրինագծի կազմմանը մասնակցել է նաև հայազգի իրավաբան Ֆիլիպ Գրիգորյանը: Օրինագիծը հիմնվում է Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացում» նախատեսող հոդվածի հիման վրա։ Եվ միտում ունի Ֆրանսիայի ներքին օրենքները համապատասխանեցնել 2008 թվականի նոյեմբերի 28-ի Եվրամիության խորհրդի որոշմանը` ժխտողականության դեմ պայքարել պատժիչ օրենքի միջոցով:

Նոր օրինագծի համաձայն` Հայոց ցեղասպանությունը ժխտող անձանց (ովքեր «մտադրված կերպով ատելություն ու բռնություն կհրահրեն, լարվածություն կառաջացնեն` հակառակվելով մեկ կամ մի քանի ցեղասպանությունների գոյությանը կամ դրանց իրավական որակմանը, նաև մարդկության դեմ ոճրին, պատերազմական ոճիրներին, ստրուկների վաճառքին կամ Հայոց ցեղասպանությանը»)  համար նախատեսվում է 2 տարվա ազատազրկում կամ 45 հզ. եվրո տուգանք:

Նույն կայքում` Վալերի Բուայեի խոսքն է` «Նավթով չի գնվի ո՛չ հիշողություն, ո՛չ մարդու իրավունքներ» վերնագրով, որում նա նշում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին չի կարելի թույլ տալ, որ հիմա էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ճնշումների ենթարկվի Ադրբեջանի կողմից: Բուայեն նշում է  Սաֆարովի խայտառակ գործը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Սումգայիթյան կոտորածների հիշատակի արարողության ժամանակ ադրբեջանցիների հետ կատարված միջադեպը: Նա կոչ է անում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին երկրում դադարեցնել Ցեղասպանության ժխտողականության քարոզչությունը:

Հիշեցնեմ, որ նախորդ օրինագիծը անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը (սենատում ընդունվեց 127 կողմ, 86 դեմ ձայներով), սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։ Այդ ժամանալ Վալերի Բուայեն հայտարարել է. «Մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան ավելի քան երբեք կդրսևորի իրեն իբրև մարդու իրավունքների երկիր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել