
Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն մրցակցություն իշխանության և ընդդիմության միջև, այլև այս երկու կողմերի միջև դիրքերը փոխելու հնարավորություն: Անցումային վարչակարգերում դեռևս չի բացառվում ղեկավարող էլիտայի փոփոխությունն ընտրությունների միջոցով:
Այստեղ հարց է առաջանում` էլիտայի կազմի փոփոխության դեպքում համակարգն ինչպե՞ս կշարունակի գործել և զարգանալ:
Ներկայացնեմ զարգացման երեք հիմնական ռեալ տարբերակներ.
1. անցումային վարչակարգի պահպանում,
2. անցում ժողովրդավարության և համախմբման, կոնսոլիդացման,
3. վերադարձ ավտորիտար համակարգին/ինքնակալությանը:
Այստեղ խնդիրն այն է, թե ընդդիմությանն ինչպիսի հատկություններ են հարկավոր երկրորդ սցենարի զարգացման և երրորդի բացառման համար:
Տվյալ պարագայում հետաքրքիր են ընդդիմությունը բնութագրող այն հատկանիշները, որոնք այն դարձնում են կառավարության իրական մրցակիցը, ինչպես նաև ընդդիմության և իշխանության միջև հիմնարար տարբերությունների առկայության հարցը:
Համախմբված ժողովրդավարությունը բնութագրելիս կարելի է ընդգծել քաղաքական դաշտի դերակատարներին ու նրանց առանձնահատկությունները և փորձել ցույց տալ ընդդիմության պոտենցիալ հնարավորությունները: