Փաստացի՝ ՀԱԿ-ը անվերապահորեն ու առանց նախապայմանների հողեր հանձնելը հռչակել է իր ծրագրային հիմնական դրույթ, և դրա մասին հոլովակներ են նկարում, ստատուսներ են գրում, հրապարակային ելույթներ են ունենում։ Օրինակ՝ այսօր էլ Ֆեյսբուքում տեսա ՀԱԿ-ական մի ջահելի, ով հիմնավորում էր հողեր հանձնելը նրանով, որ 88-ին մարդիկ գոռում էին Ղարաբաղ, այլ ոչ թե Ֆիզուլի։ Ասել է թե՝ Ֆիզուլին Ղարաբաղ չէ, ուստի պետք է այն հանձնել։
Ճիշտն ասած՝ որքան էլ զոռ եմ տալիս ուղեղս, չեմ հասկանում, թե տեսականորեն ում կարող է ուղղված լինել այս քարոզը։ Չէ՞ որ քարոզչություն արվում է էլեկտորատի այս կամ այն շերտին գրավելու ու նրանց քվեները ստանալու համար։ Ստացվում է, որ ՀԱԿ-ում թիրախային խումբ են ընտրել ինչ-որ կրիպտոադրբեջանական համայնքի (եթե կա այդպիսին) կամ էլ անում են այնպիսի հայտարարություններ ու այնպիսի շեշտադրումներ, որոնք ծափողջույններով կարող են ընդունվել Ադրբեջանի ցանկացած կետում, բայց ոչ Հայաստանում։
Արդյունքում, միևնույն է, տարակուսում եմ, որովհետև սա կարող էր ադեկվատ բացատրություն ունենալ միայն այն պարագայում, երբ ՀԱԿ-ը պատրաստվեր մասնակցել Ադրբեջանական ընտրություններին, կամ էլ ամեն ինչ շատ ավելի պարզ է ու պրիմիտիվ․ գուցե ԼՏՊ-ն, արդեն զառամյալ տարիքի նախաշեմին հայտնվելով, նոր իդեա-ֆիքս է մոգոնել և ուզում է այնուամենայնիվ ապացուցել գոնե ինչ-որ շերտի կամ էլ թեկուզ յուր կողմնակիցներին, որ իրեն իրոք շատ իզուր ստիպեցին հրաժարական տալ։ Մարդ ես, ծերությունը շատ տարօրինակ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ ամենապայծառ ուղեղների վրա։
Իսկ ՀԱԿ-ը այս տեմպերով ու այդպիսի քարոզչությամբ պառլամենտում կարող է հայտնվել միայն ՀՀԿ-ի քմահաճույքի շնորհիվ։
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2017/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել