Ի դեպ՝ ներողություն եմ խնդրում, բայց եկե՛ք էլ չչարաշահենք «ծրագիր» բառը, որովհետև ցայսօր մեզ ներկայացնում են բաժակաճառերի ժողովածուներ, այլ ոչ թե քաղաքական ու տնտեսական լուրջ ծրագրեր։ Ու որ գոնե ինչ-որ առանձին ոլորտի մասով լիներ կենացային տրամադրություն, դեռ էլի կուտվեր, բայց «ԵԼՔ»-ում որոշել են, որ եթե կենացներ, ապա մինչև վերջ։
Վերլուծելու կարիք էլ չկա, որովհետև որ կետը վերցնես, մարազմ է ու չի դիմանում նույնիսկ ամենապարզ հարցերին՝ ինչո՞ւ և ի՞նչ միջոցներով։
Բանակի ու սպառազինության դրույթները կարդալիս մոտս տպավորություն էր, որ այն գրել է մարդ, ում պատկերացումները բանակի ու սպառազինության մասին սկսվում և ավարտվում են «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի թրեյլերը դիտելով։ Մարդը բացարձակ պատկերացում չունի ոլորտից, բայց վստահորեն կարող է լավ կենացներ ու բարեմաղթանքներ ասել։ Մարդը չգիտի, որ ամբողջապես պայմանագրային զինծառայության անցնելը՝ այն էլ 5 տարում, ոչ միայն անհնար է, այլև բացարձակ աննպատակահարմար է։ Մարդը չգիտի, որ այդ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայող պարզապես չունենք։ Մարդը չգիտի, որ անգամ ունենալու դեպքում ու հաշվի առնելով իրենց մյուս խոստումները բանակի վերաբերյալ՝ մեր ռազմական բյուջեն երևի եռապատկելն էլ չօգներ։ Մարդը չգիտի, որ երբ ասում ես՝ սպառազինության առավել շատ սպառվող պահեստամասերի արտադրություն, ոչ միշտ է նշանակում դրանց ինքնարժեքի նվազում ու գրեթե երբեք չի նշանակում անհրաժեշտ որակի ապահովում։
Բանակի թեման մի կողմ։ «ԵԼՔ»-ի արտաքին քաղաքական դոկտրինը ուսումնասիրելիս հասկանում ես, որ այս մարդիկ էլի բարի ցանկությունները շփոթել են իրականության հետ։ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր են կնքում՝ առանց հաշվի առնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու բոլոր քաղաքական ու տնտեսական հետևանքները։ Իրանից դեպի Վրաստան գազատար են կառուցում՝ առանց Իրանի կարծիքն ու էդ գազատարի համար անհրաժեշտ մի երկու միլիարդ դոլար փողն ունենալու։ Իրանի հետ երկաթգիծ են կառուցում՝ կրկին չունենալով Իրանի հստակ պատրաստակամությունը։ Մի խոսքով՝ ի՜նչ խելքներին փչում ա, դա էլ ներառում են որպես քաղաքական ծրագիր։
Իսկ առավել ֆեերիկ հիմարություն էր Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման ծրագիրը, որտեղ կընտրվեն սփյուռքի ներկայացուցիչները, ընդ որում՝ հենց սփյուռքից։ Պարոնա՛յք ինքնիշխանության ու պետականության ջատագովներ, կբացատրե՞ք, թե ինչ աղերս ունի սուվերեն պետության հետ այլ երկրների քաղաքացիներից կազմված խորհրդարանի երկրորդ պալատը․․․
Ու էս ամեն ինչն էլ մի կողմ դնենք։ Բոլոր կետերն անխտիր դեկլարատիվ բնույթի են ու հիմնավորված չեն ոչ մի տնտեսական հաշվարկով։ Պարզապես դատարկ տողեր ու փուչ խոստումներ։
Ամո՛թ է, պարոնա՛յք, դուք մարդկանց իրո՞ք հիմարի տեղ եք դրել ու մտածում եք, որ կարելի է նման մանկապատանեկան խմբակի մակարդակի գրվածքով ընտրողին խաբել։ Դե, դե, փորձեք, տեսնենք՝ ուր կհասնեք։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/03/blog-post_6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել