Իմ ներվերի վաստակոր Սպիռալը՝ նույն ինքը Հայրիկյանը Պարույր, էլի հանճարեղ հարցազրույց ա տվել, որը կարդալուց հետո ես սկսեցի կասկածել, որ կամ քիլլերները կրակելուց զատ Հայրիկյանի գլխին են խփել ատրճանակի կոթով (4-5 անգամ), կամ էլ հիվանդանոց տանելու ժամանակ են Հայրիկյանին գլխի վրա մի քանի անգամ գցել։
Այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետև էս ծակ պրոֆեսորը հաջողացրեց հայտարարել, որ իր կրծքին են կրակել (Հայրիկյան, եթե քո ուսը կրծքի վրա է, ուրեմն դու ռախիտ ես), շարունակեց պնդել, որ դա ռուսական իմպերիայի ձեռագիրն է, և ինչ որ միջնորդ են այստեղ ճարել, ավելին՝ այն, որ Ռուսաստանն է ցանկացել իրեն վերացնել, հաստատել են նաև բազմաթիվ ռուսական լրատվամիջոցներ, ինքը թույն ա, ինքը դեմք ա, Րաֆֆու բարձր տոկոսներն էլ իր՝ Հայրիկյանի շնորհքն են։ Ամոթ ինձ, թե խաբում եմ, ինքներդ կարող եք համոզվել.
«- Պարոն Հայրիկյան, Դուք շուրջ 17 տարի քաղբանտարկյալ եք եղել, հացադուլի դիմե՞լ եք:
- Շատ հաճախ եմ դիմել հացադուլի:
- Հիմա հացադուլ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Երեւանում եւ մարզերում տեւական հանրահավաքներից հետո, երբ մեծ հաշվով խոսքը տեղ հասցնելու սահմանափակում չունի: Արդյոք կարո՞ղ է սա արդյունավետ միջոց համարվել:
- Պետք է ասեմ, որ հացադուլն ընդհանրապես շեշտադրված ձեւ է, այդպիսին եղել է նաեւ բանտային պայմաններում, կարեւորը ասելիքդ է: Օրինակ՝ եթե մենք ասում էինք՝ Սահմանադրության համաձայն՝ մենք պահանջում էինք անկախություն, եւ դուք պարտավոր եք այդ անկախությունը տալ: Մեր գործողությունների կարեւորությունը հենց այդ շեշտադրումն էր: Հացադուլով ասում ես՝ ե՛կ այստեղ, հացադուլն ուղղակի շեշտադրում է, այդ շեշտը կիրառելի է եւ՛ ծանր պայմաններում, եւ՛ խաղաղ պայմաններում: Ընդհանրապես քաղաքական գործիչները գործում են տվյալ պետության ընձեռած հնարավորություններով, ծրագրերի շուրջ մարդկանց համախմբելով: Այդ ամենը ավարտվում է ընտրություններով, բայց եթե ընտրությունների նկատմամբ վերապահություն ունենք, այդ դեպքում պետք է գործեն սահմանադրական միջոցները, այն, ինչ այսօր Հայաստանում արվում է: Բայց, որպես այդպիսին, աշխարհում որպես քաղաքական պայքարի մեթոդ՝ հացադուլը երբեք դեր չի ունեցել: Ազգային-ազատագրական պայքարում հացադուլն ունեցել է բարոյական դրսեւորում: Այսօր բարոյականի վրա է շեշտադրումը կատարվում: Րաֆֆին նաեւ բավարար փորձ պետք է ունենա՝ իմանալով Ամերիկայի տարբեր հացադուլների պատմությունները եւ դրանց արդյունավետության չափը:
- Այսինքն՝ արդյունավետությունն այսօրվա հացադուլի մե՞ջ չեք համարում:
- Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցաբերեց պատրաստակամություն՝ գնաց եւ խոսեց Սերժ Սարգսյանի հետ: Առաջին հայացքից կարող է ծիծաղելի թվալ, այսինքն՝ ուզում ես խոսել նախագահի հետ, ում համարում ես ոչ լեգիտիմ նախագահ, բայց մյուս կողմից՝ սա երկխոսության փորձ է, եւ դա ավելի մեծ արդյունք կարող է տալ, եթե Սերժ Սարգսյանը արձագանքի, քանի որ մեկ անգամ արձագանքեց, եւ արդյունք չեղավ, իրար չհասկացան:
- Րաֆֆի Հովհաննիսյանին նորանկախ Հայաստանի պատմության մեջ հաջողվեց անել մի բան, որը մինչեւ այժմ որեւէ ընդդիմության չէր հաջողվել, նա հավաքեց, ըստ պաշտոնական տվյալների, ձայների 37 տոկոսը, որը երբեւէ բոլոր ընդդիմություններից ամենաշատն է: Հիմա նա փորձում է վերկուսակցական կոնսոլիդացիա ստեղծել, քաղաքացիական կոնսոլիդացիա: Արդյոք քաղաքացիական կոնսոլիդացիայի հիման վրա քաղաքական մոդել հնարավո՞ր է, թե՞ ոչ:
- Հետաքրքիր մի քանի հարցեր տվեցիք: Ի պատիվ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց ավելի ձայներ հավաքել, ինչու եմ ասում՝ ի պատիվ, որովհետեւ երբեք ընդդիմության դաշտը ցածր տոկոսներ չի ունեցել, ինչը գրանցվել է պաշտոնական տվյալներով՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե հետագայում: Արդյոք ճշտե՞լ եք, թե 96-ին մեր միասնական թեկնածուի տոկոսներն ինչքան են եղել, երբ ասում եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց շատ տոկոս ստանալ…
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ գեղեցիկ չէ, երբ դուք հանկարծ ասում եք, որ բժիշկների գործը այսուհետեւ պետք է անեն բուժքույրերն ու բուժակները. դա պարզապես ազնիվ չէ: Քաղաքական կյանքով զբաղվում են քաղաքական գործիչները, իսկ քաղաքացիները հուշողներ են եւ ի վերջո՝ իրենց ձայները միասնաբար այս կամ այն քաղաքական ուժին տալով՝ նրանց հնարավորություններն ընդարձակողներն են: Եթե ֆուտբոլի դաշտում ֆուտբոլիստի փոխարեն բասկետբոլիստը խաղա, որքանո՞վ առողջ կլինի: Քաղաքացիական հասարակությունն իր դերն ունի, քաղաքականը՝ իրենը: Այո՛, լինում են պահեր, երբ քաղաքականն ու քաղաքացիականը համատեղում են, բայց Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն. քաղաքական գործունեությամբ զբաղվելու են քաղաքական գործիչները: Այլ բան ասել՝ նշանակում է խուսափել պատասխանատվությունից:
- Ինչո՞ւ Ձեզ չհաջողվեց հանրային կոնսոլիդացիա ստեղծել, համախմբել, հնարավո՞ր է՝ կրակելը պատճառ հանդիսացավ նման արդյունքի:
- Միասնական թեկնածուի մասին խոսակցություններով ես կարողացա մարդկանց մեջ բեւեռանալու ձգտում առաջացնել, եւ դրանից հետո է, որ այն, ինչ չհաջողվեց անել պաշտոնապես, արեցին ինքնուրույն: Ինչո՞ւ ինձ չհաջողվեց, որովհետեւ Բագրատյանն ընդգծված ՀՀՇ-ական էր: Իսկ իմ կրծքին կրակեցին,իսկ նա ասաց, թե դեռ պետք է պարզել՝ արդյոք դա մահափո՞րձ է: Փաստը մնում է փաստ, որ ինձ խաղից հանեցին, եւ ես էլ թույլ չտվեցի, որ ինձ խաղից հանողները Հայաստանի ժամանակացույցն էլ փոխեն: Ինչո՞ւ ինձ չհաջողվեց լինել այդ դերում, հիմնականում պատճառն այն է, որ Հայրիկյանին փորձեցին դարձնել դիակ, ես էլ փորձեցի կանխել, ժամանակացույցը փոխել, եւ շատ լուրջ գործընթացներ սկսվեցին: Ինձ համար շատ հստակ էր՝ որտեղից էր ուղղորդվում այդ ամենը:
- Պարոն Հայրիկյան, Դուք առաջին օրվանից ասում էիք, թե ռուսական իմպերիալիզմի ձեռագիրն է:
- Ոչ թե առաջին օրվանից, այլ միայն առաջին օրը: Իմ հանդեպ կիրառած գործելակերպից ռուսական իմպերիալիզմի ձեռագիրն եմ այստեղ տեսնում՝ ներառյալ ԿԳԲ-ի: Ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ այդպես էլ ասել են, այո, այդպես էլ կա, իսկ ինչո՞ւ պետք է Հայրիկյանը դրական հիշվեր, իմ մոտեցումը, վախենում եմ, ճշմարտությանը շատ մոտ լինի:
- Թեեւ իշխանությունները որեւէ ձեւով չփորձեցին պաշտպանել ռուսներին, ռուսական տարբեր պաշտոնյաներ, սակայն, ասացին, որ իրենց ձեռնտու չէ Հայաստանում անկայունություն ստեղծելը:
- Եթե որեւէ ռուս լրագրող ասում է, թե մեր ինչին է պետք, նա ճիշտ է ասում, ազնիվ է, բայց կան մարդիկ, որ ասում էին՝ Հայրիկյանը Հայաստանի նախագահ չպետք է դառնա, Հայրիկյանի վարկանիշը բարձրանում է, շատ վտանգավոր էին համարում եւ խոսում էին ապագա ծանր փորձությունների մասին: Դա կարող էր լինել հայ մարդ, ռուսական ազդեցության գործակալ, եւ կարող էր լինել ճապոնացի. եկեք կոնկրետացման չգնանք: Ռուսական իմպերիալիզմը մի երեւույթ է, որի գնահատականն է՝ իմ դաշնակից պետությունները չպետք է այնքան հզորանան, որ իմ կարիքը չզգան: Ռուսների մոտ դա արտահայտվել է՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, եթե Հայաստանը առանց հայերի պետք է լինի, ուրեմն աշխարհը պետք է լինի քիչ հայերով: Պատահական չէ, որ տարեկան մոտավորապես հազար դիակ է Ռուսաստանից բերվում բռնի մահով սպանված: Այդ մասին չեն խոսում, բայց ես պաշտոնական տվյալներ եմ ստացել, երբ մարդու իրավունքների հանձնաժողովում էի աշխատում: Այսինքն՝ Ռուսաստանում այն ուժերը, որոնք այդ հարցում դերակատարություն ունեն, շարունակում էին այդ գիծը: Մոռանալ, որ այսօրվա Արցախի, Նախիջեւանի խնդիրները ստեղծված են իմպերիալիստական Ռուսաստանի կամքով, նշանակում է լինել կործանման արժանի ողորմելիների հավաքածու:Ես Հայաստանում թույլ չեմ տվել, որ այդ որակը մնա՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից:
- Դուք այն կարծիքին եք, որ Վարդան Սեդրակյանը չէ՞ր կարող նման բան իրականացնել:
- Ես չեմ ասում՝ նա չի կարող լինել, նույնիսկ դուք կարող էիք լինել որպես միջնորդ. ձեզ տալիս են կես միլիոն դոլար, ասում են՝ պետք է վերացնել այս մարդուն, դուք էլ ասում եք՝ ինչ կա որ: Այնպես որ՝ որեւէ մեկին չեմ բացառում, բայց անձնական պատճառ նա չէր կարող ունենալ:
- Իսկ Հայաստանի որեւէ քաղաքական որեւէ ուժ կամ քաղաքական գործիչ, կարո՞ղ էր ռուսական իմպերիայի հետ միջնորդ լինել, այսինքն՝ նպատակ ունենար Ձեր կյանքին վերջ տալով՝ քաղաքական վեկտորի փոփոխության հասնել, մանավանդ, որ Դուք եվրաինտեգրման ճանապարհն էիք նախընտրում:
- Առաջին՝ Հայրիկյանին վերացնելը ցանկալի է որպես երեւույթ, որպես խորհրդանիշ բազմաթիվ դրսեւորումների եւ հայոց ճակատագիրը սեփական ուղով տանելու հնարավորության մարմնացում, դա շատ անցանկալի բան է: Մեզ մոտ ընդունված է ասել՝ անհատից ոչինչ կախված չէ, բայց Հայրիկյանի օրինակով երեւում է, որ շատ բան է կախված եղել: Օրեր առաջ նշում էին ազգային բանակի ստեղծման հարցում Վազգեն Սարգսյանի դերը, բայց ազգային բանակի գաղափարը ես եմ նրան տվել, նա խորհրդարանում իմ դեմ ելույթներ է ունեցել, ինքը ասում էր՝ ռուսները մեզ խոստացել են, Վանաձորի վաշտ են տրամադրելու, մենք Վանաձորում կարող ենք մեր նորակոչիկներին տեղավորել, բայց ես ասում էի՝ ոչ, մերոնք սովետական բանակ չպետք է գնան, մենք պետք է ունենանք ազգային բանակ:
Այսինքն՝ կար մտայնություն, որ ես հաղթել եմ, եւ այդ հաղթած մարդը պետք չէր մեր թշնամիներին: Առաջին՝ պետք էր Հայրիկյանին վերացնել, երկրորդ՝ պետք էր փոխել մեր երկրի ժամանակացույցը եւ, ինչպես դուք նշեցիք, փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը դեպի որեւէ կողմնորոշում, որովհետեւ Եվրոպա նշանակում է ինքնորոշում...»,- մեջբերում է «Ժամանակը»։
Այ Հայրիկյան, հերիք ա էլի էշ-էշ բաներ խոսաս։ Ընդհանրապես, հերիք ա խոսաս, սաղս էլ զզվել ենք քո դատարկաբանություններից ու դեմագոգիայից, իսկ քո կամուկացները ու րոպեն մեկ որոշում փոխելը հավերժ ամրագրեցին կլոունի կարգավիճակը։ Այնպես որ, ինչպես ասում են հայտնի կատակերգական հաղորդումում, «Գտիր քեզ այս կյանքում»...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/255902074546722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել