Մարտի մեկը ավելի շատ ոչ թե քաղաքական օրակարգ դարձնելու, այլ պարզապես առիթ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ, ով այդ օրերին մասնակից է եղել քաղաքի կենտրոնում տեղի ունեցող ողբալի իրադարձություններին, սեփական գործունեության մեջ վերաիմաստավորման գործընթաց սկսի: Ու կապ չունի, որ այսօր կա քաղաքական ուժ, ով հանդիսանում է Հայաստանի նորանկախ պատմության ամենաողբալի էջերից մեկի շահառուն: Այդ օրվա համար առանց որևէ մի պաթոսային արտահայտության մեղավոր ենք բոլորս:
Մեղավոր ենք, որովհետև առ այսօր մենք չունենք մեկ հարցի պատասխան՝ ով է ի վերջո կրակել սեփական ժողովրդի վրա, ու ինչու մինչ հիմա դատական ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվել մարդիկ, ովքեր իրականացրել են այդ հրամանը: Առ այսօր ոչ մի ձերբակալված և հարցաքննված անձ չկա: Մարտի մեկը, վստահաբար, կարելի է ասել, որ 2008 թվականի քաղաքական ցիկլի եզրափակումն ու մի ամբողջ էպոխայի ավարտն էր: Ուղիղ 9 տարի է անցել, սակայն այս հարցի վերաբերյալ և ոչ մի քննարկում, հանրային լսումներ տեղի չեն ունեցել, իսկ սա առնվազն կարող է նշանակել մեկ բան՝ ո՛չ ընդդիմությունը ու ո՛չ էլ առավել ևս իշխանությունները հանրությանը ասելու ոչինչ չունեն: Նորմալ, սոցիալական, ժողովրդավար երկրում երկրի իշխանությունը օր առաջ պիտի ձեռնամուխ լիներ մարտի մեկի դեպքերի բացահայտմանը, դա պիտի համարեր անձնական հարց, թեկուզ դրա արդյունքում իշխանություն կորցներ: Կարծում ենք՝ 2017 թվականին, մանավանդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կամ դրանից հետո այս հարցը պիտի մտնի վերջապես Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ: Գալիք տարում մարտի մեկի 10-ամյա տարելիցն է լրանում, ու մենք չենք կարող մեզ թույլ տալ ի վերջո չբացահայտել այս գործը, որովհետև տեղի է ունեցել քաղաքական սպանությունների մի ամբողջ շղթա, իսկ սպանությունը վաղեմության ժամկետ չունի: