ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը դուրս է եկել քաղաքականությունից, ինչի մասին այսօր հայտնել է լրագրողներին։ Պատճառը, ըստ Սեդրակյանի, իր տարիքն է։ Նա նաև հայտնեց, որ իր ընտանիքի անդամները որոշել են զբաղվել բիզնեսով։ Սա, իհարկե, որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, սակայն պետք է հասկանալ, թե ինչու այսպես տեղի ունեցավ։ Մհեր Սեդրակյանը հայտնի է իր օդիոզ կերպար լինելով, սակայն միևնույն ժամանակ, այս մարդը երկար ժամանակ է, ինչ ԱԺ-ում է ու իսկապես հարգանք է վայելում ամբողջ Երևանում։ Եվ նա մեկն է եղել այն մարդկանցից, ովքեր մշտապես ապահովել են ՀՀԿ հաղթանակը Էրեբունիում, ու այդ հաղթանակները եղել են անվերապահ։
Այժմ Սեդրակյանի նահանջը պայմանավորված է երկու հանգամանքով։ Կուսակցական ինտրիգներին նրա պես հեղինակությունը խառնվել չի կարող, քանի որ, բացի անձնական հարցերից, այստեղ նաև աստիճանաբար քաղաքական դիսկուրսի ու բանավեճի նշույլներ են նկատվում։ Սեդրակյանն այստեղ դոմինանտ լինել չի կարող, քանի որ նա բոլորովին այլ արժեհամակարգ ու մոտեցումներ ունի հարցերի կարգավորման ժամանակ։ Երկրորդ՝ նա ինչ-որ փուլից փորձեց իր որդու համար քաղաքական կարիերա ապահովել, սակայն, փաստորեն, իշխանությունը, առավելապես՝ Սերժ Սարգսյանը, մերժել է նաև այս հնարավորությունը։ Սեդրակյանը, սակայն, այսօրվա լրագրողների հետ շփման ժամանակ պարզ հասկացրեց, որ նա իսկապես նեղսրտած է, սակայն ընդունում է խաղի այն կանոնները, որոնք ընդունել է իշխանությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ հաջորդ պառլամենտում ո՛չ Մհեր Սեդրակյանին, ո՛չ նրա որդուն չենք տեսնի, իսկ վերջիններս Սերժ Սարգսյանին ընդդիմանալու փորձեր անելու փոխարեն պարզապես կզբաղվեն իրենց գործերով ու չեն խանգարի։ Բայց չեն էլ օգնի, ինչպես վստահեցրեց Մհեր Սեդրակյանը։