Եթե դու փրկություն ես տեսնում այլազան քաղաքական խաղերի մեջ, ապա դու իսկական հայրենասեր ես, իսկ քեզ չնմանվողները՝ ազգադավ:
Եթե դու միտինգի ես մասնակցում, դասադուլ ես անում, պառկում ես փողոցի մեջտեղում, հացադուլ ես հայտարարում ու «մատ» անում «չուզողներիդ», դու ազատատենչ ես, իսկ քեզ չնմանվողները՝ ստրկամիտ:
Եթե դու հայհոյանքների անբարո հեղեղ ես առաքում իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին՝ հիշատակելով մինչև 7-րդ պորտի նրա նախնիներին ու սերունդներին, ապա դու սրտացավ ես քո հայրենիքի համար, իսկ քեզ չնմանվողները՝ պարզապես ծախված:
Եթե դու չես հարգում Ամենայն Հայոց կաթողիկոսին ու բամբասում ես նրանից՝ բամաբասանքի նյութ դարձնելով ուրիշի՝ բամբասանքից առած նյութը, ապա դու իրատես ես, իսկ քեզանից տարբերվողները՝ կույր:
Եթե դու խոսքի ու մտքի մտրակի տակ ես առնում բոլոր հոգևորականներին՝ մաֆիոզ տերտերներին, ապա դու 21-րդ դարի հայ մտավորականի օրինակ ես, իսկ քեզնից տարբերվողները՝ զոմբիներ:
Եթե դու մագիլներդ սրած պաշտպանում ես համասեռամոլների իրավունքները, ապա դու առաջադեմ ես, իսկ քեզ չնմանվողները՝ հետամնաց:
Եթե դու դեմ ես ազգային բարոյական նորմերին, ապա դու եվրոպական արժեհամակարգի կրող ժամանակակից մարդ ես, իսկ քեզ չնմանվողները՝ բարդույթավորված գավառականներ:
Եթե դու կարդում ես այս գրառումն ու մտածում, թե այս ի՛նչ հիմարություն է, ապա դու հասկացել ես, որ սա նաև քո մասին է...

«Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է»,- կասեր իմաստուն մեկը: 
«Իսկ ինչո՞ւ»,- հարցնում եմ ես:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել