Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է, թե ինչու է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ի դեպ, սա նրանց ո՛չ առաջին հանդիպումն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու: Հանդիպումը պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի, տեղի ու պայմանների մտահոգությամբ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ նման այցելություն չի եղել նախկինում կամ այլ հացադուլավորների նկատմամբ, Ահարոնյանը շարունակել է ասելիքը՝ վկայակոչելով Գասպարյանի խոսքը.«Ոստիկանության պետը բազմիցս է նշել գլխավոր սկզբունքը. ոստիկանությունը բոլորի՛ ոստիկանությունն է, եւ ոստիկանության պետը՝ բոլորի՛ ոստիկանության պետն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հայացքներից ու տեսակետներից»:
Անդրադառնալով նրանց միջեւ տեղի ունեցած զրույցի բովանդակությանը՝ լրատվության վարչության պետն ասել է. «Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ ոստիկանությունը գործում եւ գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, օրենքի գերակայության հիմնարար սկզբունքին հավատարիմ՝ պահպանելու է հասարակական կարգը, վեր մնալով քաղաքականությունից ու կուսակցական տարբերակումներից, որոնք դուրս են ոստիկանության գործառույթների եւ առաքելության շրջանակից»:
Աղբյուրը՝ news.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



