Րաֆֆի ջան, ախր իմ գարուն ախպեր, դու սկի էն Զառայի վրա չես կարողանում, մտել ես էդ գելուգազանի մեջ, որ ի՞նչ անես։ Կան քաղաքական գործիչներ ու ինչո՞ւ միայն գործիչներ․․․ Կան մարդիկ, ովքեր չեն իմանում, թե երբ պետք է կանգ առնեն։ Րաֆֆին հենց այս մարդկային տեսակն է։
Ձախողվել կարող է յուրաքանչյուր ոք՝ նույնիսկ քաղաքական գործիչը։ Մարդուն դրական է բնութագրում ոչ թե անսխալականությունը, այլ այն, թե ինչ հետևություններ ենք մենք անում մեր բացթողումներից։ Անսխալական մարդ գոյություն չունի ու չի կարող ունենալ։ Սակայն երբ մարդը շարունակաբար սայթաքում է, ու ամեն հաջորդ անկումը ավելի «մանր է» լինում, սա արդեն խնդիր է։
Րաֆֆիի պարագայում սա նույնիսկ խնդիր չէ, այլ դիագնոզ։ Սայթաքեց նախագահական ընտրություններում, սայթաքեց հետընտրական պրոցեսների ժամանակ, հետո սայթաքեց ներխմբակցային հարցերում ու արդյունքում «քցվեց» «Ազատ դեմոկրատների» կողմից, հետո սայթաքեց թուրքական անհասկանալի ոդիսականով, հետո սայթաքեց Սասնա ծռերի հարցով, հետո սայթաքեց Փոստանջյանի մասով․․․
Ակամայից հարց է առաջանում, թե մինչև ե՞րբ ու մինչև ո՞ւր։ Որտե՞ղ է տեսնում իրեն Րաֆֆին ընտրությունների ժամանակ, դրա հաջորդ օրը և մեկ տարի անց։ Ինչպե՞ս է ու ի՞նչ խնդիրներ է նա ակնկալում լուծել՝ լծված լինելով մի սայլակի, որտեղ շատ ավելի փորձառու ու թափով քաղաքական գելեր են, քան Զառա Փոստանջյանն էր։
Էհ, Րաֆֆի, Րաֆֆի, երևի թե զադնի տալը ժամանակին ամենաճիշտ բանն էր, որ կարող էիր անել․․․ Բայց ավա՜ղ, ուշ է, ու սրանք երևի լինեն Րաֆֆու վերջին ընտրությունները։