Ըստ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի` շատ բան է փոխվել մեր երկրում այս տարիների ընթացքում, և դրանք չտեսնելը միայն ցանկության բացակայություն է: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչն է փոխվել.
1. արտագաղթի ա՞ճը, միայն թե Շուշան Պետրոսյանի նման ոչ կոմպետենտ հայտարարություն չանեք, թե դա մեր մենթալիտետն է՝ մենք սիրում ենք դրսում ապրել: Իհարկե հասկանում ենք, որ դա իշխանության արհեստականորեն արագացված գործընթացն է՝ սեփական վերարտադրությունը դյուրացնելու նպատակով
2.ի՞նչն է փոխվել՝ լֆիկների անպատժելիությու՞նը, սա էլ ենք հասկանում, որ իշխանությունը կարիք չունի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջև, ընդհակառակը` նրան անհավասարություն է պետք
3. համատարած գերաղքատացու՞մը շնորհիվ մի քանիսի գերհարստացման
4. հայ ժողովրդին կեղեքելու, շահագործելու, քաղաքացիներից դրամաշորթելու, երկիրը թալանելու միջոցով հարստացած օլիգարխիկ վարչակարգի հավերժ վերարտադրությու՞նը
5. օրեցօր աճող հանցավորությու՞նը
6. մանկատներին հատկացված գումարների փոշիացու՞մը
7. հաշմանդամների՝ հասարակությունում ստորադասությու՞նը
8. կրթության համակարգի հետևողական քայքայու՞մը
9. իշխանավորի «բարեգթությանը» ապավինող մտավորականի, արվեստագետի նսեմացու՞մը
10. համատարած գործազրկությու՞նը
11. որ դպրոցը շեղվել է և լիարժեք չի կատարում քաղաքացի կրթելու, դաստիարակելու իր առաջնային գործառույթը
12. որ Քաղաքացու աղքատությունը դարձել է իշխանությունների ուղեկիցը՝ Քաղաքացու խիղճն ու քվեն փողով գնելու՝ ի երաշխիք իշխանությունը պահելու:
Մի խոսքով: Դուք խաբկանք եք ապրում, որ դուք ինչ-որ բան եք փոխել: Ձեր կառավարման համակարգը շահերի համակարգ է, որտեղ նշանակություն ունի ոչ թե անհատի կալիբրը, այլ այն, թե որքանով է նա համապատասխանում ձեր իշխող համակարգի շահին: Ձեր` թշվառների համակարգը ֆենոմեն է՝ իր «վեցնոցներով» ու «մանկլավիկներով»: Աշխարհում չես գտնի նման համակարգ: Այն վաղուց իր ճգնաժամն է ապրում: Հիմա մենք ունենք ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ կործանված ԻՆՉ-ՈՐ մի համակարգ, որը նպատակից շատ ավելի հեռու է շեղվել: Ասեմ ավելին, անցած այս տարիները ես համարում եմ համատարած կորուստների ժամանակահատված Հայաստան պետության եւ հայ ժողովրդի համար: Թե՛ կաշառակերությունը, կոռուպցիան, թե՛ մարդկային երկակի ստանդարտներով ապրելու ունակությունը, կեղծավորությունը, թե՛ պետական խնդիրների լուծման ժամանակ ձևական մոտեցումները, տնայնավարությունը, կենցաղային արժեքներով առաջնորդվելը, թայֆաբազությունը, կլանային հարաբերությունները, գիտության ու կրթության, Հայաստանի պետականության, պետական կառավարման որակյալ համակարգի, որակյալ ու արժանապատիվ հասարակություն ստեղծելու նկատմամբ բոլոր իշխանությունների ունեցած անտարբերությունն ու անփութությունը խոսում են այն մասին, որ դուք այլևս չեք կարողանում կառավարել: Դուք պարտվել եք այս պատմությանը, և արդեն վաղուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել