Գարունը եթե ոչ բոլորի, ապա շատերի ամենասիրելի եղանակն է: Վերջապես կազատվենք ձմեռային հագուստներից, օրվա ընթացքում ավելի շատ գործեր կհասցնենք անել, ժամանակ կունենանք զբոսնել ընկերների հետ, նշել գարնանային տոները ու, մի խոսքով, բարով եկար, գարո՛ւն...
Գարնանային նորաձևություն
Շատերը` հատկապես թիթիզ աղջիկները, անկասկած հոգնած կլինեն տաք ու հաստ ձմեռային վերնազգեստներից ու, հավանաբար, կարոտով են նայում իրենց գույնզգույն ու տարբեր շորիկներին: Մինչ զգեստապահարանում հագուստների հերթափոխ կատարելը` ուշադիր հետևիր նորաձևությանը: Կարող ես հետևել նորություններին և, համադրելով զգեստապահարանիդ պարունակությունը, շլացնել բոլորին: Եթե սպիտակը համարում ես ոչ այնքան հարմար գույն, ապա սխալվում ես, քանի որ այն վաղուց սիրելի գույն է շատ դիզայներների համար, այն խորհրդանշում է խիստ գեղեցկություն և նրբագեղություն: Այս գարնանը հագուստում պետք է բացառել մոխրագույնը, ավելացնել մորեգույնը, մանուշակագույնը, նարնջագույնն ու փիրուզագույնը: Բոլոր նրանք, ովքեր վաղուց ուզում էին իրենց զգեստի կամ շապիկի վրա լուսանկար փակցնել, պետք է գործի անցնեն: Իսկ մինիի սիրահարներին պետք է հիասթափեցնենք. 2013-ի գարունը կիսաշրջազգեստներում և զգեստներում ներմուծում է նոր երկարություն` ծնկից ներքև:

Տարվա քմահաճ եղանակն ու մենք
Հիվանդությունների գարնանային սրացումներն առասպել չեն, դրանք իսկապես գոյություն ունեն: Եղանակի կտրուկ փոփոխությունից իրենց տեղը չեն գտնում անգամ լիարժեք առողջ մարդիկ: Գիտությունը դեռևս հստակ չի բացատրել գարնանային դեպրեսիայի պատճառը: Սեզոնային դեպրեսիան սկսում է 20-30 տարեկանների մոտ. ի դեպ, կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց: Որոշ գիտնականներ դա կապում են լուսավորության հետ. արևի լույսը անմիջականորեն ազդում է մեր ինքնազգացողության վրա, առաջացնում է նյարդային ազդակներ, որոնք մասնակցում են տրամադրության, քնի, ախորժակի, հորմոնների կարգավորմանը: Ստացվում է, որ արևի սակավությունն ու, հակառակը, պայծառությունը հոգեբանական խնդիրներ է առաջացնում, եթե անցումը շատ կտրուկ է լինում, և օրգանիզմը չի հասցնում դրան պատրաստվել: Եվ եթե դեպրեսիան մեկ ամսից ավելի է տևում ու ամեն տարի կրկնվում է, պետք է դիմել մասնագետի:
Ցտեսություն, թախիծ
Մենք այնքան էինք սպասում լուսավոր, արևոտ ու տաք օրերին, որ չնայած արդեն գարուն է, շարունակում ենք դժգոհել. տրամադրություն չունենք, անհիմն թախծում ենք, չգիտենք` ինչ ենք ուզում և այլն: Օրն առույգ սկսելու մեր բաղադրատոմսն ենք առաջարկում: Դե ինչ, արթնացե՞լ ես, անկողնում ճմլկոտվելու փոխարեն վազիր լոգարան, լվացվիր ու կարգի բեր արտաքինդ և սիրածդ երաժշտության ներքո զբաղվիր մարմնամարզությամբ: Եթե պետք է դասի կամ աշխատանքի գնաս, հագնվելիս պետք չէ երկար-բարակ մտածել. վստահաբար ընտրում ենք վառ ու տաք գույներով հագուստ, և եթե ուսումնական հաստատությունը կամ աշխատավայրը մոտ է, ապա շատ լավ է ոտքով գնալը: Ի դեպ, տրամադրությունը բարձրացնելու համար բավարար է ուտել մեկ բանան կամ շոկոլադ, քանի որ դրանք պարունակում են բնական հակադեպրեսանտ տրիպտոֆան:

Տոնդ շնորհավոր
Շատերն ասում են գարուն, պատկերացնում են տոներ, սիրելի անձնավորություն ու ծաղիկներ, ուրախ տրամադրություն ու ժամանցի վայրեր: Եթե ցանկանում ես այս գարունը ինչ-որ կերպ տարբերվի նախորդներից, ինքդ պետք է քայլեր ձեռնարկես. եթե չկա մեկը, ով կարող էր ասպետավարի տոնդ տոն դարձնել, ապա ինքդ կարող ես դա անել: Հավաքածդ գումարով քեզ համար գնիր այն շապիկը կամ պայուսակը, որի մասին այդքան երկար երազում էիր, մտերիմ ընկերների հետ հանդիպեք որևէ թեյարանում. հաստատ խոսելու շատ բան կունենաք: Դե, իհարկե, չի կարելի մոռանալ մայրիկներին ու տատիկներին, նրանց հաստատ կուրախացնի ջերմ համբույրն ու գարնանային ձնծաղիկների համեստ փունջը:
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի



