Ժողովրդական շարժումը կարծես թե փակուղում է հայտնվել: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավելի հիասթափության արդյունք է, քան թե պայքարի ձև: Անդրիաս Ղուկասյանն էլ հացադուլ արեց, արդյունքում սոված ու հիասթափված հավաքեց իր իրերն ու տուն գնաց վերականգնվելու: Հացադուլը ելք չէ, անցել են այն ժամանակները, երբ հացադուլ հայտարարելը համարվում էր պայքարի ամենաարդյունավետ ձևը: Հիմա թքած ունեն, թե դուք հրաժարվում եք հաց ուտելուց, թե ձեր վրա բենզին եք լցնում ու վառում լուցկին:
Դժվար էր գլխավորել մի շարժում, երբ այդ շարժումն ի սկզբանե դատապարտված էր պարտության, սակայն սա մի այլ տեսակի թարմություն էր ՀՀ քաղաքացիների կյանքում, չեմ ասում կուսակցությունների կամ քաղաքական գործիչների, քանի որ նրանց համար դա պարզապես վաստակի միջոց է, դա նրանց աշխատանքն է: Րաֆֆու ուսերին «պարտադրված» մի բեռ դրվեց, որն ամեն մարդ չի կարող կրել, ու հիմա այդ շարժումը Րաֆֆու պարանոցին դարձել է մի լուծ, որը ստիպում է Րաֆֆուն գնալ մինչև վերջ՝ «через не могу»: Կարծում եմ, որ չարժե պարտադրել նրան այդ բեռն ու ազատարարի դերը՝ նամանավանդ, երբ հետզհետե նոսրանում են ժողովրդական շարժման շարքերը: Իսկ ինչ վերաբերում է Ավետարանի վրա երդմնակալությանը, ապա ասեմ, որ դրանից Ավետարանը չի պղծվի, և ոչ էլ երդվողը կսրբանա, բայց հաստատ երդվողն իր կեղծիքի և դատապարտության կնիքը կդնի: Չի կարելի կեղծիքին և ստին Աստծո Խոսքը վկայակոչել:
Արդյունքում, ոչինչ չփոխվեց՝ բացի այն, որ ավելի վատթարացավ, Շիրակում սկսվել է գարնանային արտագաղթը: Ու նորից հացի խնդիր: Քաղաքականությունն այլևս ի զորու չէ և չի էլ եղել ի զորու՝ կերակրելու քաղցած քաղաքացուն: Երբ Հայաստանի ողջ հյուսիսային մարզերն էին պարտադրված հացադուլի, ծոմի ու պասի մեջ և գիշերներն անկողին էին մտնում ձգած գոտիներով, ոչ ոքի մտքով չեր էլ անցնում միանալ նրանց ու գոնե մի քանի օր ապրել նրանց կիսաքաղց կյանքով:
Ցավում եմ, բայց ես չեմ հավատում հացադուլի արդյունավետությանը, դա միայն կհիասթափեցնի ժողովրդին ու կդնի անհույս վիճակի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/508096765898405
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել