Ներիշխանական ինտրիգների հերթական փուլը կսկսվի այսօր, երբ Հովիկ Աբրահամյանը կհայտարարի ՀՀԿ-ից հեռանալու մասին։ Սա, իհարկե, սենսացիա չէր՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու նրա պաշտոնանկությունը, սակայն փաստ է մնում, որ երբեմնի ՀՀԿ ծանր հրետանին այսօր շրջվում է սեփական կուսակցության դեմ։ Սրա մեջ օրինաչափություն կա։ Նախ՝ հերթական անգամ արձանագրում ենք, որ իշխանությունը որևէ գաղափարական հենք չունի ու առաջնորդվում է այսրոպեական շահով, և երկրորդ՝ այնտեղ հավաքված մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պատրաստ չեն հեշտ ու հանգիստ հրաժարվել քաղաքական ու տնտեսական լծակներից հենց այնպես՝ պատրաստ լինելով դեմ դուրս գալ նախկին կուսակիցների դեմ։
Մյուս կողմից՝ ՀՀԿ-ից սկսված մասսայական արտահոսքը ուժերի որոշակի հավասարություն է ստեղծում։ Կարծես թե ուրվագծվում են երկու ուժեր, որոնք պայքարելու են ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար։ Անկախ ամենից, հաշվի առնելով, որ առայժմ չկա հստակություն ընդդիմադիր դաշինքների մոտ հռետորաբանության մեջ, կարող ենք արձանագրել, որ պայքարը լինելու է բացառիկ մրցակցային պայմաններում, որտեղ չի բացառվում, որ Հանրապետականը մեծամասնություն չունենա։ Իսկ այդ պարագայում միակ տարբերակը մնալու է հին ընկեր Դաշնակցությունը, ու նրա հետ կարելի է ապահովել հիսուն պլյուս մեկ տոկոս մեծամասնություն։ Նկատենք, որ սա Վանաձորում այժմ տեղի ունեցող գործընթացների ավելի մեծ ու լայն տրաբերակն է։ Այնտեղ էլ ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, սակայն մեծամանություն ապահովել ավագանիում այդպես էլ չի հաջողվում։ Չի բացառվում, իհարկե, որ այս ընտրությունները նշանավորվեն նաև երկրորդ փուլի անցկացումով։ Դիցուք՝ ՀՀԿ-ին չի հաջողվում հավաքել անհրաժեշտ ձայները, միևնույն ժամանակ ոչ ոքի չի հաջողվում հաղթահարել 51 տոկոսը, և տեղի ու Պառլամենտի ճակատագիրը որոշվում է երկրորդ փուլում։ Այստեղ արդեն որոշիչ պետք է դառնան, թե ինչքանով կկարողանան ընդդիմադիր դաշտում գործող մնացած ուժերն ու հարակից գործոնները հասկանալ իրավիճակը՝ կա՛մ գնում են սրացման, կա՛մ ստանում ազդեցիկ լծակներ իշխանությանը փոխզսպելու համար։ Սրացման դեպքում արդեն գիտենք՝ ինչ կարող է տեղի ունենալ, իսկ մյուս պարագայում, փաստացի, Հայաստանում իշխանությունը երկու ուժերի միջև սկսում է կիսվել։