Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ երաժիշտ, երգահան Մարտին Ահարոնյանի «Երգեր» կոչվող ձայնասկավառակի շնորհանդեսը, որն ուղեկցվեց համերգային ծրագրով: Ալբոմում ներառված է երկու ձայնասկավառակ. առաջինում զետեղված են հայրենասիրական, երկրորդում՝ քնարական երգեր:

 

 «Որոշեցինք համատեղել, որպեսզի առանձին ալբոմներ չթողարկենք: Երկար եմ մտածել, թե որ երգի անունով կոչեմ ձայնասկավառակը, հետո  ինձ թվաց, որ ավելի ճիշտ կլինի ոչ մի երգին առավելություն չտալ և սկավառակն անվանակոչել «Երգեր»: Չէ՞ որ դրանք երգեր են»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Ահարոնյանը:

Այնուամենայնիվ երաժիշտը նշեց երգեր, որոնք իրեն առավել հոգեհարազատ են՝ ««Սուրբերու աչքերը», «Իմ անուշ հայրենիքը», «Տաք անձրևը»՝ Անի Քրիստիի կատարմամբ, Լուարայի կատարմամբ էլ այս երգը «Գրան պրի» ստացավ «Սլավյանսկի բազար» մրցույթում: Միստր X-ը շատ հետաքրքիր կատարումներ ունի: Շատ չեմ ուզում առանձնացնել»: 

 Ալբոմում զետեղված են Մարտին Ահարոնյանի և Լեյլա Սարիբեկյանի զուգերգը, Միստր X-ի, Վարսայի, Շուշան Պետրոսյանի և այլ երգիչ, երգչուհիների կատարումները: Մարտին Ահարոնյանի երգերը հենց իր կատարմամբ ևս ընդգրկված են ձայնասկավառակում: «Երգերում» ներկայացված են, որ միայն հին և սիրված, այլև նոր երգեր: «Շատերը երգը երգչի անունով են հիշում և չեն իմանում, որ իմ ստեղծագործություններն են»,- նշեց երգահանը:

Երաժշտին շնորհավորելու էին եկել Երվանդ Երզնկյանը, Արսեն Գրիգորյանը, Գայանե Փայտյանը, Անի Քոչարը, նրա գործընկերներն ու ընկերները:  Համերգի ժամանակ պետք է ելույթ ունենային նաև հայ հայտնիներից շատերը, սակայն նրանց մի մասն ինչ-ինչ պատճառներով չէր եկել: Երաժիշտը չցանկացավ հիշատակել նրանց անունները. «Ոմանք հիվանդ էին, կամ ինչ-ինչ գործեր ունեին, հարգելի պատճառներ կային»: Այուամենայնիվ նախատեսված 24 երգի փոխարեն ներկայացվեց 13-ը, թեպետ դա չազդեց, որ համերգը շատ լավ անցնի և ներկաների համար երեկոն հաճելի լինի: 

 

Լուսանկարները՝ Ստեփան Ստեփանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել