Խորհրդային Միությունը, որը ստեղծվել էր 1922 թվականին, արդեն 1980-ականների վերջին գտնվում էր հոգեվարքի մեջ: Պատճառները բազմաթիվ էին: Սոցիալիզմը, առավել ևս կոմունիզմը, սառը պատերազմի շրջանակներում ջախջախված գաղափարախոսություններ էին:
ԽՍՀՄ-ն արևմուտքին պարտվում էր թե՛ ժողովրդավարական, թե՛ տնտեսական, թե՛ տեխնոլոգիական առաջընթացի և թե՛ կյանքի կենսամակարդակի առումներով: Համակարգային ճգնաժամն էլ ավելի խորացավ միջազգային սանկցիաներից հետո: Հիշեցնենք, որ միջազգային սանկցիաները սկսեցին կիրառվել 1979թ. Աֆղանստան ռազմական ինտերվենցիա կատարելուց հետո: 1980-ականների կեսերին իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, ով սկսեց իր հայտնի Վերակառուցման քաղաքականությունը:
Համակարգը փոքր-ինչ թուլացրեց ռեպրեսիվ ապարատը: Մասնավորապես, համաներումների շնորհիվ աքսորավայրերից իրենց հայրենիքներ էին վերադառնում խորհրդային դիսիդենտները: Ընդհանրապես թե՛ սոցիալիստական ճամբարի երկրներում, թե՛ բուն ԽՍՀՄ տարածքում այդ տոտալիտար համակարգը փլուզելու գործում դիսիդենտներն իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանք 1950-70-ականների այն կարևորագույն սերունդն էին, ովքեր Խրուշչովյան Ձնհալի ժամանակաշրջանից սկսած տարատեսակ զրկանքների, տարիներով բանտերում, աքսորավայրերում կամ Մորդովիայի ճամբարներում անցկացնելու գնով կարողացան մարտահրավեր նետել այդ համակարգին և 1980-ականների վերջին գլխավորել ժողովրդական ընդվզումները: Նրանցից էին Սախարովը, Սոժելնիցենը, Հավելը, Լանդսբերգիսը, Վալենսան, Մարտ Նիկլուսը, Էն Տարտոն, Բրոդսկին, Լուկյանենկոն, Չորնովիլը, Գամսարխուդիան և այլք:
Հատկանշական է, որ դիսիդենտական պայքարի շրջանակների զգալի մասը մտավորականության ներկայացուցիչներ էին: Կային նաև իրավապաշտպաններ, լրագրողներ, երաժիշտներ: Այդ շրջանում բավականին կարևոր իրադարձություն էր նաև 1975թ. Հելսինկյան ակտի կնքումը: Փաստացի, դրանից հետո ԽՍՀՄ-ում դիսիդենտների և իրավապաշտպանների կողմից փորձեր արվեցին ստեղծել առաջին իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք բազմաթիվ բռնաճնշումների ենթարկվելով, այնուամենայնիվ կարողացան զգալի ներդրում ունենալ Միությունում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների վիճակի փոքր-ինչ բարելավման համար: Գորբաչովյան իշխանության շրջանում ԽՍՀՄ-ը տեղի տալով միջազգային ճնշումներին՝ սկսեց օկուպացիոն զորքերի դուրս բերումն Աֆղանստանից: 1989թ. փետրվարի 15-ին խորհրդային վերջին զորամիավորումը լքեց Աֆղանստանը: Այնուամենայնիվ, դա չկասեցրեց «Չարիքի կայսրության» կործանումը: Այդ ժամանակաշրջանում արդեն հուզումներ էին սկսել սոցիալիստական ճամբարում, ավելի կոնկրետ՝ Լեհաստանում, որտեղ հայտնի «Համերաշխություն» շարժումն էր գործում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Արևելյան Գերմանիայում:
Վերջիվերջո, այդ ամենն ավարտվեց 1989թ. Բեռլիյան պատի փլուզմամբ և սոցիալիստական ճամբարի անկմամբ: Դրանից հետո արդեն բուն ԽՍՀՄ-ում անկախության ճանապարհ բռնեցին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Արդբեջանը և Միջին Ասիայի խորհրդային երկրները: Խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կասեցնել փլուզման գործընթացը: Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում էին ռեպրեսիվ բոլոր մեթոդները: Այս համատեքստում հիշարժան են 1989թ. Թբլիսիի ապրիլյան դեպքերը, երբ խորհրդային զորքը խորհրդարանի շենքի մոտ հարձակվեց ցուցարարների վրա: 1991թ. հունվարին Վիլնյուսյան հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած դեպքերը, երբ խորհրդային տանկերը և հատուկ ջոկատայինները մի քանի տասնյակ մարդու կյանք խլեցին, ինչպես նաև 1990թ. Երևանի կայարանի մոտ տեղի ունեցած բախումները և, բնականաբար, 1991թ. օգոստոսյան ձախողված Պուտչը: Մինչ այդ 1990թ. դեկտեմբերի 24-ին որոշվեց ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել, որը տեղի ունեցավ 1991թ. մարտի 17-ին: Զուգահեռաբար հանրաքվե էր անցկացվում Ռուսաստանում նախագահի ինստիտուտ հիմնելու համար: Բնակչության 71-%-ն այո ասաց դրան, և 1991թ. հունիսի 12-ին ՌԽՖՍՀ նախագահ ընտրվեց Բորիս Ելցինը:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին, ապա պետք է նշել, որ Մերձբալթյան երկրները, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան բոյկոտեցին այն: 1991թ. օգոստոս ամսին խորհրդային իշխանության այն թևը, որը դեմ էր ռեֆորմներին, փորձեց ուժով վերցնել իշխանությունը և այդ կերպ կասեցնել կայսրության փլուզումը: Պատմության մեջ այդ օրերը հայտնի են որպես Օգոստոսյան Պուտչի օրեր: Պուտչի նախապատրաստման ամենաակտիվ դերակատարներից էին պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, փոխնախագահ Յանաևը, ԿԳԲ ղեկավար գեներալ Վլադիմիր Կրյուչկովը և այլք: Օգոստոսի 18-ին Յազովը քննարկման ժամանակ հրամայում է Մոսկվա մտնելու համար պատրաստել 2-րդ մոտոհրաձգային գումարտակը, 4-րդ տանկային գումարտակը, 106-րդ դեսանտային գումարտակը: Միաժամանակ, զորամիավորումներ են պատրաստվում Միության այլ երկրների մայրաքաղաքներ ներխուժման համար: Օգոստոսի 19-ին փոխնախագահ Յանաևը հրաման է ստորագրում Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի ստեղծման մասին: Որոշումներ ընդունվեցին, որոնց համաձայն՝ Միության շատ երկրներում արգելվում էին զանգվածային միջոցառումները և հայտարարվում էր արտակարգ դրություն: Միաժամանակ Բորիս Ելցինը հավաքեց իր բոլոր կողմնակիցներին: Նրանք սպիտակ տունը վերածեցին դիմադրության կենտրոնի: Մարդիկ տարերայնորեն սկսեցին լցվել Մոսկվայի փողոցներ և շարժվել կառավարական շենքերի ուղղությամբ: Բորիս Ելցինը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն՝ Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն ճանաչվեց օրենքից դուրս: Մինչ այդ զորամիավորումները, Գորբաչովին արգելափակելով իր ամառանոցում, կարողացել էին մեկուսացնել վերջինիս:
Ինչպես նշվեց՝ դեռևս օգոստոսի 19-ին հազարավոր ռուսներ դուրս եկան փողոցներ, որպեսզի պաշտպանեն սպիտակ տունը: Մոսկվայի Մանեժնայա հրապարակում մարդիկ դուրս էին գալիս Բորիս Ելցինի և Անդրեյ Սախարովի նկարները ձեռքներին: Նրանք պատրաստ էին մինչև վերջ կռվել հանուն իրենց ազատության: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան հենց սպիտակ տան մոտ, որտեղ մարդիկ բարիկադներ էին կառուցում տանկերին դիմագրավելու համար: Բարիկադների վրա նաև Միության բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ կային, ովքեր իրավացիորեն գտնում էին, որ Մոկսվայում Պուտչի հաղթանակը սարսափելի հետևանքների կհանգեցնի ամբողջ Միության տարածքում:
Զուգահեռաբար մարդիկ բարիկադավորվում էին նաև Միության այլ երկրների մայրաքաղաքներում: Պետք է նշել, որ Պուտչը ողջունեցին Ադրբեջանը և Բելոռուսիան: Օգոստոսի 21-ի երեկոյան սկսված բախումների ժամանակ Մոսկվայում սպանվեցին սպիտակ տան 3 պաշտպանները: Թվում էր, թե հետագա արյունահեղությունն անխուսափելի էր լինելու: Բարեբախտաբար, Բորիս Ելցինի գլխավորությամբ հսկայական ժողովրդական զանգվածների ճնշման հետևանքով Պուտչը տապալվեց: Ուժայինների ղեկավարներն այդպես էլ չկարողացան հրաման տալ տանկերին և Ալֆա ջոկատին կազմակերպել հիմնական և որոշիչ գրոհը: Բացի դա, սպիտակ տան պաշտպանները, մտավորականները, պատգամավորներն ամեն կերպ աշխատում էին զինվորականների հետ՝ փորձելով ազդել նրանց վրա, և շատ դեպքերում սպիտակ տան պաշտպանները զորամիավորումների հրամանատարներից հավաստիացումներ էին ստանում, որ իրենք չեն կրակի:
Ինչևիցե, Պուտչը բարեբախտաբար պարտություն կրեց: Արդեն հաջորդ օրերին ձերբակալվեցին Յանաևը, Յազովը, Կրյուչկովը և այլք: Օգոստոսի 22-23 գիշերը ցուցարարների ճնշման տակ Լուբլյանկայում ապամոնտաժվեց Դերժինսկու արձանը: Ավելին, նոյեմբեր ամսին Ելցինի կարգադրությամբ կասեցվեց երկրում կոմունիստական կուսակցության գործունեությունը: Պուտչի տապալումն էլ ավելի արագացրեց «Չարիքի կայսրության» փլուզումը: Օգոստոսի 24-ին հրաժարական տվեց Կենտկոմի քարտուղար Գորբաչովը, և Կենտկոմը կազմալուծվեց: Այդ օրերին անկախության հռչակագրեր ընդունեցին Լատվիան, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան, Ղրղզստանը: Հետագայում սեպտեմբեր ամսին արևմտյան երկրներն առաջին հերթին ճանաչեցին Մերձբալթյան երկրների անկախությունը: Սեպտեմբերի 21-ին արդեն հանրաքվեով անկախացավ Հայաստանը:
Ինչպես նշվեց՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացն անխուսափելի էր, և 1991թ. դեկտեմբերի 8-ին բելոռուսական Վիսկուլի բնակավայրում ՌԴ ԽՍՀ նախագահ Բորիս Ելցինը, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը և Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Շուշկևիչը ԽՍՀՄ-ի փլուզման և ԱՊՀ ստեղծման համաձայնագիր ստորագրեցին: Այդտեղ նշված էր, որ ԽՍՀՄ-ը դադարում էր գոյություն ունենալ որպես միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքական իրականության սուբյեկտ: Դեկտեմբերի 10-ին համաձայնագիրը վավերացվեց Բելառուսի և Ուկրաինայի Գերագույն խորհուրդների, իսկ դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Գերագույն խորհրդի կողմից: Դեկտեմբերի 13-ին Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում տեղի ունեցավ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը։ Արդյունքում՝ որոշվեց, որ երկրները համաձայնություն էին հայտնում մտնել այդ կազմակերպություն պայմանով, որ ապահովվի նախկին միության սուբյեկտների իրավահավասար մասնակցությունը և ԱՊՀ բոլոր պետությունների՝ որպես հիմնադրի ճանաչումը։
Դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ևս 8 պետություն՝ Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոլդովա, Թուրքմենստան, Ուզբեկստան համաձայնեցին մաս կազմել ԱՊՀ-ին: 1991թ. դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: Դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին՝ այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:
Այսպիսով, կործանվեց «Չարիքի կայսրությունը», իսկ սառը պատերազմի շրջանակներում վերջին մեխն ամրացվեց կոմունիզմի դագաղին: Խորհրդային Միությունն իր կոմունիզմով մարդկության պատմության մեծագույն չարիքներից էր: Այն իր գոյության 70 տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք խլեց: ԽՍՀՄ-ում միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին, աքսորվեցին և բռնաճնշումների ենթարկվեցին միայն իրենց ազգային պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար: Հենց կոմունիստների երկրում առաջին անգամ 1920-ականներին «Կարմիր տեռորի» շրջանակներում ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարները, որոնք հետագայում 1930-ականներին ձևակերպվեցին որպես Գուլագներ: ԽՍՀՄ կողմից ուկրաինացիների հանդեպ 1930-ականներին իրականացվեց 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը՝ ուկրաինական Գոլոդոմոռը, որը տարբեր հաշվարկներով խլեց 8-10 միլիոն մարդու կյանք: Հենց ԽՍՀՄ-ը նացիստների հետ միասին 1939թ. օգոստոսի 23-ին կնքված հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով դարձավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի գործնական սանձազերծողներից մեկը: ԽՍՀՄ-ն իր գոյության ընթացքում բազմաթիվ ռազմական ինտերվենցիաներ իրականացրեց, որի արդյունքում տասնյակ ազգեր դժբախտացան և տառապանքներ կրեցին (1939թ.՝ Լեհաստան, 1956թ.՝ Հունգարիա, 1968թ.՝ Չեխոսլովակիա, 1979թ.՝ Աֆղանստան): Ռազմական ինտերվենցիաների արդյունքում սպանվեցին և բռնաճնշումների ենթարկվեցին միլիոնավոր մարդիկ:
Հ.Գ. Իսկ այսօր Ռուսաստանում իշխանության ղեկին հայտնված ԿԳԲ-ի նախկին սպան հայտարարում է, որ տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած հակամարդկային ԽՍՀՄ կործանումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր:
Դավիթ Ֆիդանյան