Մեկ բան ակնհայտ է, որ այս ընտրությունների ընթացքում, ի տարբերության նախորդի, բացի սահմանադրական կարգի փոփոխությունից՝ շեշտը դրվում է նաև դաշինքների վրա և ոչ թե առանձին կուսակցությունների։ Մի կողմից՝ սա հնարավորություն է Հայաստանում առկա մի շարք մարդ-կուսակցությունների համար միաձուլվելու մեծ կուսակցությունների մեջ ու վերջապես թույլ տալու քաղաքական դաշտի հավաքագրում։ Մյուս կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում դաշինքները սովորաբար երկար կյանք չեն ունենում։ Բավական է մեկ ցնցում, և դաշինքը աստիճանաբար ոչ միայն փլուզվում է, այլև նույն դաշինքի մեջ գտնվող մարդիկ հաճախ դառնում են ոխերիմ թշնամիներ։ Իսկ արդյունքում ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ ԱԺ-ն արդեն վերածվում է Սոդոմ-Գոմորի ու քաղաքական միս ու արյուն այդպես էլ չի ստանում։
Այժմյան փորձը նախորդներից տարբերվում է նրանով, որ կուսակցություններին շատ ավելի լայն հնարավորություններ են տրվում դրսևորվելու։ Ներկայումս կարծես թե երեք բևեռ է ձևավորվում նվազման պրոգրեսիայով ՀՀԿ-ԲՀԿ (Ծառուկյան դաշինք) և ԵԼՔ։ Առաջինը իշխանությունն է, օրակարգ թելադրող, երկրորդը դեռ պարզ չէ՝ բացի նրանից, որ մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ունի, երրորդը ավելի շատ դիրքավորվել է արևմտյան գաղափարների շրջանակներում, սակայն վերոնշյալ բոլոր առումներով զիջում է թե՛ երկրորդին, թե՛ առաջինին։ Սակայն մի նրբություն կա։ Արտաքուստ բավականին խայտաբղետ ու դինամիկ Պառլամենտ է լինելու, պարզապես հարցն այն է, որ շատ բան կախված է լինելու երկրորդ ուժից։ Արդյոք նրան կգնա՞ն իշխանության դեմ չոր առճակատման, որովհետև դատելով նրանից, թե ովքեր են պատրաստվում այդտեղ հավաքվել, բավականին խայտաբղետ ու գրեթե անհասկանալի պատկեր է ստացվում՝ արևմտամետը ռուսամետի հետ, սոցիալիստը լիբերալիզմ քարոզողի հետ և այլն։ Այս առումով ՀՀԿ-ին հեշտ է լինելու վերահսկել բոլորին, ու արդյունքում ունենալու ենք ոչ թե իրական պառլամենտարիզմ, այլ չափավոր միակուսակցական սիստեմ, որտեղ մեկումեջ ընդդիմադիր ֆրակցիաները հանրության աչքին թոզ փչելու համար հաջողելու են ձախողել մեծամասնության օրինագծերն ու այդպես մինչև «խոր ծերություն»: