Barometer.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ "Սանիթեք" ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
"Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի է, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացել են և դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս չմնան սառցապատ տարածքներ: Վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա հսկողության տակ պահեն համատիրությունների և համապատասխան ծառայությունների աշխատանքները, նաև արագ արձագանքեն մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերին", - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։
Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Հանձնարարվել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը: