Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը՝ երկու առաջնորդները փոխանակվել են արժեքավոր և խորհրդանշական նվերներով։
Աբասը քահանայապետին է բերել քար Գողգոթայից, ինչպես նաև երկու սրբապատկեր Հիսուսի և Սուրբ ընտանիքի պատկերով։ Ֆրանցիսկոս պապը պաղեստինցի առաջնորդին շնորհել է վերջերս ավարտված Գթասրտության հոբելյանական տարվա հիշատակի մեդալ և արաբերեն թարգմանված իր երկու գրքերը։ Ինչպես նշում է գործակալությունը՝ հանդիպումը կրել է հիմնականում մասնավոր բնույթ։
Սակայն Աբասի այցի գլխավոր նպատակը եղել է Սուրբ գահին կից Պաղեստինի դեսպանատան բացումը։ Երեկ Աբասը հանդիպել էր Իտալիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղակայվել էր Վատիկանի պատերից անմիջական հեռավորության վրա գտնվող շենքում։
2015 թվականի մայիսին Վատիկանը դե-ֆակտո ճանաչել էր պաղեստինյան պետության գոյությունը։



