Картинки по запросу լևոն տեր-պետրոսյանՄարդիկ կան, ասում են՝ մենակ ասում եք «դեմ ենք հող հանձնելուն», ու չեք հիմնավորում:

Բնականաբար հիմնավորման համար պիտի մի կողմ դնել այն հանգամանքը, որ Հայրենիքի մասը հանձնելու մասին նույնիսկ մտածել պետք չի, ուր մնաց թե քննարկել...
Կարողանում ես, պահում ես, չես կարողանում, կորցնում ես:

Հիմա վերոնշյալը մի կողմ դնենք ու հիմնավորենք:

Որո՞նք են Լևոնի հող հանձնելու հիմնավորումները:
1. Հայաստանը չի կարող զարգանալ առանց Արցախի հարցը լուծելու և բաց սահմաններ ունենալու:
2. Այսպես շարունակելով՝ Հայաստանը ավելի կթուլանա և մոտ ապագայում ստիպված ենք լինելու ավելի վատ պայմաններով խնդրի լուծման առաջ կանգնել՝ ընդհուպ մինչև Արցախի ամբողջական կորուստ:
3. Ռուսաստանն օգտագործում է Արցախյան խնդիրը Հայաստանը և Ադրբեջանի վրա լծակներ ունենալու համար: Եթե լուծվի այս հարցը, ապա մենք կազատվենք ռուսական լծից:
4. Պատերազմի վտանգի բացակայության դեպքում ժողովուրդը ավելի դուխով կգնա իշխանափոխության:

Հիմա դրանց փաստարկված հերքումները:
1. Արցախի խնդիրը, որի արդյունքում ունենք փակ սահմաններ, իհարկե, խանգարում է երկրի զարգացմանը, բայց դա տասներորդական խանգարող հանգամանք է: Եթե Արցախյան խնդիրը չլիներ, բայց երկրում տիրեր ներկայիս կոռուպցիոն, կլանային, մենաշնորհային, հանցագործ ռեժիմը, Հայաստանը զարգանալո՞ւ էր: Եվ արդյո՞ք Արցախյան խնդիրն է խանգարում կոռուպցիոն համակարգը կարգի բերելուն և երկիրը զարգացնելուն: Փակ սահմաններով և այսպիսի իշխանություններով, որ այսքան էլ դիմադրում ենք, դուք պատկերացրեք, թե կոռուպցիոն համակարգի բացակայության դեպքում ինչքան կարող ենք դիմադրել ու նույնիսկ զարգանալ:
2. Ենթադրենք՝ այսպես կոչված անվտանգության գոտին հանձնում ենք, ու դրա դիմաց Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը: Իրենք բերում են, այդ հատվածներում զորք են լցնում, խաղաղապահներն էլ իրենց զորքն են լցնում: Փախստականներն են վերադառնում և այլն: Չնայած ըստ առաջարկի ոչ մի անկախություն չեն ճանաչում, այլ որոշվում է հետագայում հանրաքվե անցկացնել: Բայց ոչինչ, մենք դիտարկենք լավագույն դեպքը: Հիմա հարց՝ ի՞նչն է խանգարում Ադրբեջանին մի քանի տարի հետո առոչինչ ճանաչել իր իսկ կողմից ընդունված Արցախի անկախությունը և պատերազմ հայտարարել: Ոչինչ էլ չի խանգարում: Եվ ո՞վ կգա ու էդ դեպքում կպատերազմի ադրբեջանական զորքերի դեմ՝ բացի մեզանից: Խաղաղապահնե՞րը: Ոչ թե չեմ հավատում, այլ համոզված եմ, որ խաղաղապահները մի բան էլ խանգարելու են հայկական զորքերին: Ո՞ր մի երկիրն է խելքը հացի հետ ուտելու և մեր սիրուն աչքերի համար, անտեսելով սեփական շահը, Ադրբեջանի նկատմամբ թեկուզ տնտեսական սանկցիաներ կիրառելու: Մաքսիմում Ուրուգվայը: Բայց դրա վրա Ադրբեջանը խորապես թքած է ունենալու:
3. Պատկերացրեք՝ Ադրբեջանը այսպես կոչված անվտանգության գոտին հանձնելու դեմ ճանաչում է Արցախի անկախությունը: Ռուսաստանը տեսնում է, որ կորցնելու է իր ունեցած լծակները: Ու դուք կարծում եք՝ տենց հանգիստ համակերպվելու է դրա հե՞տ: Իհարկե ոչ: Նա Ադրբեջանից շուտ է պատերազմ հրահրելու և Արցախի կորստից հետո Ադրբեջանին հրահրելու է Սյունիքի նկատմամբ պահանջատիրական և ռազմական գործողություններ սկսել: Իսկ մենք ծնկաչոք աղաչելու ենք ռուսներին, որ եթե ոչ Սյունիքը, ապա գոնե Երևանը փրկի: Արդյունքում մեր նկատմամբ լծակը ավելի կմեծացնի: Ադրբեջանի ախորժակի հաշվին նրա վրա էլ լծակը կպահպանի: Իսկ Ադրբեջանի ախորժակի ավելացման վրա կասկածողներ կա՞ն:
4. Իհարկե, պատերազմի վտանգի բացակայության դեպքում ժողովուրդը ավելի ազատ կլինի իր գործողություններում՝ թե՛ իշխանափոխության, թե՛ այլ հարցերում: Բայց հող հանձնելու տարբերակով արդյո՞ք մենք խուսափում ենք պատերազմի վտանգից...

Եթե այլ հիմնավորումներ էլ կան, ասեք հակահիմնավորենք:

Եզրակացություն:
Մենք պիտի մեր պետական փտած համակարգը շտկելու ձևը գտնենք, որ կարողանանք զարգացնել Հայաստանը՝ ներառյալ Արցախը, և վերջնականապես լուծենք Արցախի խնդիրը: Իսկ մենք էս ձևը գտնելու փոխարեն զբաղվում ենք Արցախի հարցով ջուր ծեծելով: Լավ է էլի, չզարգանալու «պատճառը» գտնված է, մենք էլ հանգիստ, գլուխներս կախ, հորդ գետում հայտնված տաշեղի նման, կարող ենք շարունակել մեր ընթացքը...

Վերջապես եկեք պատասխանատվություն վերցնենք թե՛ մեր անգործության, թե՛ մեր պարտությունների, թե՛ մեր հաղթանակների համար, և դասեր քաղելով՝ էդ տաշեղը նավ դարձնենք ու առաջ շարժվենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել