Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը երկուշաբթի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է պաշտոնաթող՝ պարտականությունների չկատարման պատճառով։ Այդ որոշման օգտին քվեարկել է պատգամավորների մեծ մասը՝ 106 մարդ։ Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը։ Իշխանամետ պատգամավորները լքել են դահլիճը քվեարկության մեկնարկին։
El Nacional-ն ընդգծում է, որ պատգամավորները գործել են սահմանադրության 233 հոդվածի շրջանակում, որը, մասնավորապես, նախատեսում է նախագահին պաշտոնաթող ճանաչելու դեպքում նոր ընտրությունների նշանակում։
Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ընդդիմադիր Ազգային ժողովը չունի պաշտոնից նախագահ Մադուրոյին հեռացնելու լիազորություն։
1999 թվականի սահմանադրությունը չի նախատեսում պետության ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի առկայություն, սակայն 222 և 232 հոդվածները նախատեսում են գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկողության ձևեր։
Ճգնաժամը Վենեսուելայում խորացել է մեկ տարի առաջ ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, ներկայում օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև որևէ աշխատանքային փոխգործակցություն չկա։



