Image result for south caucasus2016 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության համար բարդ տարի էր թե՛ ուժային կենտրոնների հակասությունների պայմաններում արդյունավետ մանեւրելու, թե՛ սեփական շահերը միջազգային օրակարգում առաջ մղելու տեսանկյունից:
   Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելը թերեւս ավելորդ է՝ հաշվի առնելով Բաքվի եւ Անկարայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող, մեղմ ասած, թշնամական քաղաքականությունը: Ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիան եւ թուրքական կողմի աջակցությունը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հարաբերությունների կարգավորում մոտ ապագայում հազիվ թե լինի:
   Իր մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է ակտիվ շփումների մեջ` քայլեր ձեռնարկելով ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ բազմակողմ նախագծերի կյանքի կոչման ուղղությամբ:
   Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները տարածաշրջանում, առկա իրողություններով պայմանավորված, մշտապես եղել են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս տարի եւս մեր հյուսիսային հարեւանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործադրվեցին զգալի ջանքեր, ինչի մասին են վկայում վարչապետերի, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների երկու տասնյակից ավել փոխայցելությունները:
   Հատկանշական է, որ հայ-վրացական փոխգործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, որոնց թիվը 2016 թվականին բավական մեծացավ: Պաշտոնական Երեւանը Թբիլիսիի հետ հարաբերություններում առաջնորդվում է դեռ երկու տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված սկզբունքով՝ «տարբեր ինտեգրացիոն վեկտորները պետք է ոչ թե վնասեն, այլ հակառակը՝ նոր հնարավորություններ ստեղծեն հայ-վրացական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»:
   Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից հատկանշական է նաեւ Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետի բացումը նոյեմբերին:
   Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա միանշանակ պետք է մատնանշել, որ տարին հաջող էր, եւ երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց արձանագրվեց:
   Դրական էր Հայաստանի եւ Իրանի միջեւ վիզային ռեժիմի վերացման հուշագիրը, ինչը երկու երկրների քաղաքացիներին առանց վիզայի հնարավորություն է տալիս առավելագույնը մինչեւ 90 օր գտնվել մյուս երկրի տարածքում: Տարվա ընթացքում երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված կարեւոր իրադարձություններից էր հոկտեմբերին Թեհրանում տեղի ունեցած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, որը հայկական եւ իրանական բիզնես շրջանակների համար նոր կապերի ստեղծման լավ հարթակ էր:
   Արդյունավետ էր նաեւ դեկտեմբերի սկզբին Թեհրանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում որոշում է կայացվել համագործակցության կոնկրետ ուղղություններով չորս ենթահանձնաժողով ստեղծել:
   Հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից տարվա թերեւս ամենակարեւոր իրադարձությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցն էր Հայաստան: Երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, որոնցից կարելի է առանձնացնել գազի արտահանման ծավալների մեծացման, Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման հնարավորությունները, Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման հեռանկարները, Սյունիքի մարզի սահմանային Ագարակ քաղաքում ազատ տնտեսական գոտու հիմնումը, եւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
   Իրանի նախագահի հրավերով 2017թ. հարեւան երկիր կայցելի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը, անշուշտ, կդառնա հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր խթան:
   Բացի հայ-վրացական, հայ-իրանական երկկողմ հարաբերություններից, Երեւանը, Թբիլիսին եւ Թեհրանը հաջող համագործակցում են նաեւ բազմակողմ տարածաշրջանային նախագծերի շրջանակներում, եւ նման ծրագրերի առումով 2016 թվականը արդյունավետ էր:
   Բազմակողմ համագործակցության արդյունավետ օրինակներից էին էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտում մեկնարկած նախագծերը: 2016թ. ապրիլին Երեւանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձեւավորման ճանապարհային քարտեզը եւ Փոխըմբռնման հուշագիրը: Էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը հեռանկարային է, եւ 4 երկրների էներգետիկ համակարգերի միավորումը հնարավորություն կտա փոխանակել մինչեւ 1200 ՄՎտ հզորության հոսքեր:
   Տարվա ընթացքում գործնական քննարկումների դաշտ տեղափոխվեց իրանական գազը Վրաստան մատակարարելու հարցը, իսկ որպես տարանցման հնարավոր միջացքներ դիտարկվում էին Հայաստանը եւ Ադրբեջանը:
   Տարվա ընթացքում Հայաստանը, Վրաստանը եւ Իրանը համագործակցեցին նաեւ Սեւ ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվեց եւ հաջող փորձարկվեց մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: Նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով Եվրոպայից տեղափոխվել է Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:
   Հաշվի առնելով տրանզիտային ժամանակը եւ այն հանգամանքը, որ փոխադրումները 1-2%-ով էժան են Թուրքիայի տարածքով նման փոխադրումների համեմատությամբ, այս նախագիծը լիարժեք կյանքի կոչման մեծ հնարավորություն ունի, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Սեւ ծով-Պարսից ծոց ցամաքային միջանցքի նախագծի հետ կապված:
   Հատկանշական է նաեւ, որ Հայաստանի այս երկու բարեկամ երկրները հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշում որդեգրեցին նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Նրանք հանդես եկան ոչ միայն խաղաղության կոչերով, այլեւ միջնորդության առաջարկով, ի տարբերություն Թուրքիայի, որն այդ օրերին թերեւս միակ երկիրն էր, որն իր հայտարարություններով խրախուսում էր արյունահեղությունը:
   Ամփոփելով 2016 թվականին Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ միանշանակ կարող ենք արձանագրել, որ տարին թեպետ բարդ էր մարտահրավերների տեսանկյունից, այնուամենայնիվ Հայաստանին հաջողվել է առավել խորացնել իր համագործակցությունը Վրաստանի եւ Իրանի հետ, առաջընթաց գրանցել տարածաշրջանային մի շարք կարեւոր եւ հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման տեսանկյունից, որոնք կարող են ճեղքել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությունը:
  
  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել