Barometer.am-ը գրում է.
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը: Նիստի օրակարգում եղել է ռեկտորի ընտրությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր է ընտրվել Արմեն Աբգարի Մուրադյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի կայքէջը տեղեկացնում է, որ մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար և առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրել է բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա է եղել 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները և գիտությունը։
Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։ Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլև նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային և որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկայում։
Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաև ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։ Կարևորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։
Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուրդը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում: