Շառլ Ազնավուր. Ամեն երկրորդ հայը արտիստ է

Ազնավուրի հարցազրույցը «Արգումենտի ի ֆակտի» թերթին, 2011 թվական

- «Սերը  կնոջ նկատմամբ նման է մսի համար նախատեսված աղի. ներծծվում է սրտի մեջ, որ կանխի փչանալը»: Այդ խոսքերը  Ձեր հայրենակից Վիկտոր Հյուգոյին են պատկանում:

- Սերը կնոջ նկատմամբ օգնել է ինձ վերապրելու ոչ մեկ երջանիկ և դրամատիկ պահեր: Սերը դեպի Ուլլին (Ազնավուրի երրորդ կինը շվեդուհի Ուլլա Տորսերն է), փոխեց իմ ողջ կյանքը: Եվ գիտե՞ք: Ես համաձայն չեմ, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է ստամոքսով: Դեպի տղամարդու սիրտ ճանապարհը միայն նրա սրտի միջով է անցնում:

- Ձեզ մի հիասքանչ երգ ունեք. «Ես  հիշում եմ, թե ինչպես հանդիպեցինք Ելիսեյան դաշտերում, դու դեռ շատ  մատղաշ էիր և ահա, երբ մենք 50 տարեկան  ենք, Ելիսեյան Դաշտերի այն աղջկանից ոչինչ չի մնացել, բայց միևնույն է, ես քեզ սիրում եմ»: Հավատո՞ւմ եք` Դուք այդպիսի սիրուն:

-Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ  կերպարների մեջ. Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելի: Ի շնորհիվ Էդիթի, ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր  բաներ ունեինք, այդ թվում մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: «Հավերժական սերը» ձեզ օրինակ:

- Շանսոնների երգերի մեծ մասը դժբախտ սիրո մասին է: Ինչո՞ւ  է այդ հիասքանչ զգացմունքը այդքան  շուտ անցնում:

-Մարդը, որ կպատասխանի այդ հարցին, Նոբելյան մրցանակ կստանա: Ինձ թվում է` մարդիկ բաժանվում են իմաստության պակասից և երբ նրանք հասկանում են, որ իրենք հավերժ չեն իրար համար:

-Պարոն Ազնավուր, Դուք հայկական արմատներով ֆրանսիացի եք, բայց ձեր երեխաներին ռուսական անուններով եք կոչել...

-Միշա, Կատյա, Նիկոլայ... Սերը Ռուսաստանի նկատմամբ իմ արյան մեջ է և ինձ անցել է Թբիլիսիում ծնված ռուսախոս  հորիցս: Իսկ գրականության մեջ ես ամենից շատ սիրում եմ Չեխովի ստեղծագործությունները: Նրանք ստեղծագործ մարդուն մեծ հոգեբանական նյութ են տալիս մտածելու, վերլուծելու համար: Չեխովը ոգեշնչում է:

- Իսկ եղե՞լ են պահեր, երբ մուսան Ձեզ լքել է:

- Ի երջանկություն ինձ՝ ոչ: Ես միշտ գրում եմ և ոչ միայն երգեր: Գրի եմ առնում տարբեր մտքեր, աֆորիզմներ, պատմություններ անցյալից: Ես իմ մանկությունից եմ նյութեր քաղում իմ ստեղծագործությունների համար: Դեռ 5 տարեկան չկայի, երբ սկսեցի հայկական բանաստեղծություններ կարդալ փարիզեցի հայերի  համար: 9 տարեկանից սկսած խաղում եմ բեմում և 1956-ից սկսած՝ ուժերս փորձեցի կինոյում: Երգերով միշտ էլ հեշտ է գումար աշխատել հացի համար: Ամեն երկրորդ հայը արտիստ է: Իսկ երբ հոգնում էի երգելուց, խաղում էի  ֆիլմում, հոգնում էի նկարահանումներից՝ նորից էի երգում: Ապրելով երկար կյանք՝ վստահաբար կարող եմ ասել. չգիտեմ այնպիսի հայ, որը չի երգում (ծիծաղում է): Ես ծնվել ու մեծացել եմ Փարիզում, բայց իմ արմատները այնտեղ են` Հայաստանում. դա լեզուն է, ավանդույթները,երաժշտականությունը: Եվ ես ուրախ եմ, որ իմ երեխաները չեն մոռանում իրենց արմատները, չնայած լեզուն չգիտեն: Ես Հայաստանի դեսպանն եմ Շվեյցարիայում, ՄԱԿ-ում իմ երկրի մշտական ներկայացուցիչն եմ: Հիմա օգնում եմ Հայաստանի երեխաներին՝ զբաղված եմ դպրոցների շինարարությամբ:

- Դուք 1000-ից ավելի երգերի հեղինակ եք: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրանցից  Ձեր ստեղծագործությունների գագաթնակետը:

-«Հավերժական սերը», իհարկե: Դուք գիտե՞ք, թե ես քանի տարեկան եմ: Համարյա 100 (ծիծաղում է):

-Դե, դե, Ձեր էներգիան չի համապատասխանում Ձեր անձնագրային տարիքին: Որտեղի՞ց եք այդքան ուժ վերցնում:

- Ամեն օրվանից: Լսեք երգը. «Կյանքը բաղկացած է պատահականություններից». այն իմ վերջին ձայնասկավառակից է: Այնտեղ այսպիսի խոսքեր կան. «Կյանք, կյանք... Ապրեք այն ինչպես հարկն է: Չէ՞ որ դա գանձ է` տրված  ճակատագրի կողմից: Նրան հարկավոր է սիրել և պահպանել: Չէ՞ որ եթե այն կորցնես, խոսք լինել չի կարող գանձը վերադարձնելու մասին»: Ապրեք այնպես, որ վայելեք կյանքը մինչև վերջ, արեք ձեզնից կախված ամեն ինչ և դեռ ավելին: Ես սիրահարված եմ կյանքին: Այդ պատճառով էլ ես դեռ իմ մեջ ուժ եմ գտնում բեմ դուրս գալու, ձայնասկավառակ թողարկելու: Ես միտք չունեմ հանգստի գնալու: Վերջերս թվով 57-րդ ալբոմը թողարկվեց՝ «Ազնավուրը միշտ», իսկ  այս տարվա աշնանը սկսեցի համերգային շրջագայություն. աշխարհով մեկ պլանավորված է 50 համերգ: Իսկ մի՞թե դա հնարավոր կլիներ 87 տարեկանում, եթե դու կյանքը չես սիրում և չես սիրում այն, ինչով զբաղվում ես:

-Մոտենում է Նոր տարին: Եթե  հրաշագործ կախարդը կարողանար կատարել Ձեր ցանկությունները, ի՞նչ կցանկանայիք:

-Աշխատել մինչև 90 տարեկան և մեռնել 100-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել