Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք դեմ են Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Karar լրատվամիջոցը, հղում անելով գերմանական Bild թերթին, նշում է, որ այդ մասին Մերկելը հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատների միություն» կուսակցության ժողովի ժամանակ: Նա պահանջել է, որ նշյալ տեղեկությունը հաղորդվի կուսակցության այն ընտրազանգվածին, որին հետաքրքիր է, թե ինչպիսին է կուսակցության դիրքորոշումը Թուրքիայի եվրաինտեգրման հարցում:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել է կյանքի կոչել փախստականների մասին ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդարանը հաստատել էր Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը: Բանաձևն ընդունվել էր 479 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը:



