Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ հույս է հայտնել, որ շուտով շփումներ կհաստատվեն իրենց թիմերի անդամների միջև։
Այդ մասին նշված է բրիտանական կառավարության տարածած հայտարարությունում։ Դրա համաձայն՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ում իշխանությունը Բարաք Օբամայից Դոնալդ Թրամփին հանձնելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են ԱՄՆ-ում կազմակերպել ազգային անվտանգության հարցերով իրենց խորհրդականների հանդիպում, ինչը պետք է տեղի ունենա մինչև ամանոր։
Քաղաքական գործիչները պայմանավորվել են նաև առաջին իսկ հնարավորության դեպքում երկկողմ հանդիպում անցկացնելու շուրջ։
Ավելի վաղ Թերեզա Մեյի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է Դոնալդ Թրամփին հրավիրելու հնարավորությունը թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպելու համար։



