Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է 1979 թվականին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավելի քան 530.000 նամակ ու փաստաթուղթ։ Նյութերը հրապարակվել են կազմակերպության կայքում։
Ջուլիան Ասանժի հիմնած կայքի հայտարարությունում նշված է, որ եթե ժամանակակից աշխարհում կարելի է որևէ տարի համարել «զրոյական», ապա այն 1979 թվականն է։
Հրապարակված փաստաթղթերում ներկայացված են Իրանի հեղափոխության, Սվերդլովսկում (ներկայիս Եկատերինբուրգ) սիբիրյան խոցի բռնկման, Չիկագոյում American Airlines-ի ինքնաթիռի աղետի, ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին խորհրդա-ամերիկյան երկրորդ պայմանագրի ստորագրման, Իրաքում Սադամ Հուսեինի իշխանության գալու, Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու և այդ թվականին աշխարհում գրանցված կարևոր այլ իրադարձությունների մասին տվյալներ։



