► Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով:-Դանիել Դեֆո
► Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպե՞ս են այնտեղ աշխատում, ինչպե՞ս են սիրում և ինչպե՞ս են մեռնում:
► Երիտասարդների ցանկությունները բուռն են և կարճատև, մինչդեռ ավելի տարիքավորների մոլությունները գնդակախաղի ընկերություններից, ճաշկերույթներից և մեծ գումարով թղթախաղի շրջանակներից հեռու չեն գնում:
► Ոչ մի բան այնքան բնական չէ այսօր, քան տեսնելը մարդկանց, որ աշխատում են առավոտից երեկո, իսկ այնուհետև չգիտեն՝ ինչպե՞ս վատնել ապրելու համար մնացած ժամանակը, թղթախաղո՞վ, սրճարանու՞մ, թե՞ շատախոսությամբ:
► – Միակ բանը, որ հետաքրքրում է ինձ,- պատասխանեցի նրան,- ներքին խաղաղությունը գտնելն է:
► Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս:
► Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ: Բայց, հակառակ դրան, ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:
► Երբ պատերազմ է պայթում, մարդիկ ասում են. «Երկար չի տևի, շատ անխելք բան է»: Եվ, անկասկած, պատերազմն անխելք բան է, բայց դա չի խանգարում, որ այն երկար տևի: Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրեն:
► Աշխարհում չկա մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենա, եթե լավ ուսումնասիրվեր:-Ռայմոն Ռամբեր
► Աղետը հնարավոր չէ չափել, դրա համար էլ մարդիկ այն անիրական են համարում, ինչպես մի վատ երազ, որ պիտի անցնի: Բայց միշտ չէ, որ անցնում է, և վատ երազից ավելի վատին գնալիս մարդիկ իրենք են անցնում, իսկ հումանիստներն՝ առաջին հերթին, որովհետև նախազգուշացված չեն լինում:
► Ոչ ոք չի կարող ազատ լինել, քանի դեռ աղետները գոյություն կունենան:
► Եթե բժիշկ ես, պարզապես գաղափար ունես ամեն տեսակ ցավի մասին և՝ մի քիչ ավելի երևակայություն:
► Կարևորը քո գործը լավ անելն է:
► Շատախոսությունն ամեն ինչ չափազանցնում է:
► Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են:
► Մեծերը միշտ փոքրերին ուտում են:
► Ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել:
► Պատահում է, որ երկար տառապում են առանց գիտակցելու:
► – Հասարակության բարիքը յուրաքանչյուր անհատի բարիքից է կազմված:-Ռայմոն Ռամբեր
► Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում:
► Պայքարելու համար վերացականության դեմ, պետք է մի քիչ նրան նմանվել:
► – Ակներևաբար շատ հեշտ է ընտրություն կատարել բայց-ի ու և-ի միջև: Դժվար է դառնում նախընտրություն անել և-ի ու հետո-ի միջև: Դժվարությունը մեծանում է հետո-ի և այնուհետև-ի միջև: Բայց վստահաբար ամենադժվարը իմանալն է, պե՞տք է «և» օգտագործել, թե պետք չէ:-Ժոզեֆ Գրան
► Նա միշտ մտածել էր, որ համառությունը ի վերջո ամեն ինչի հաղթում է:
► Առավոտյան ժամը չորսին ընդհանրապես ոչինչ չեն անում և քնում են, նույնիսկ եթե գիշերը դավաճանության գիշեր եղած լիներ: Այո, այդ ժամին քնում են, և դա վստահություն է ներշնչում, որովհետև անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով՝ աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն:
► Աղետի սկզբում և նրա ավարտից հետո միշտ կարելի է մի քիչ ճարտասանություն անել: Առաջին դեպքում, երբ դեռևս սովորությունը կորցրած չեն լինում, իսկ երկրորդում՝ երբ սովորությունը վերադարձած է լինում: Դժբախտության ընթացքում է, որ սովորում են ճշմարտության, այսինքն՝ լռության:-Ժան Տարրու
► Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ:
► Ըստ կրոնի, մարդու կյանքի առաջին կեսը վերելք է, իսկ մյուս կեսը՝ վայրէջք, վայրէջքի ժամանակ մարդու օրերը նրան չեն պատկանում, և կարելի է նրանից այն վերցնել ցանկացածդ ժամանակ, հետևաբար մարդը ոչինչ անել չի կարող և որ միակ արդարացումը ոչինչ չանելն է:
► Աստված վստահաբար գոյություն չունի, հակառակ դեպքում քահանաները անօգուտ կդառնային:
► Մահը մի երևույթ է, որն ապացուցում է մեր իրավացիությունը:-Ժան Տարրու
► – Սպասելը ինձ համար դժվար չէ, երբ գիտեմ, որ գալու ես:-տիկին Ռիե
► Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ:
► – Քանի որ աշխարհի կարգը կանոնավորված է մահով, գուցե Աստծո համար էլ ավելի լավ է, որ իրեն չհավատան և ամբողջ ուժով պայքարեն մահվան դեմ, առանց աչքերը բարձրացնելու այն երկնքի դեմ, որտեղ նա լռում է:–Բեռնար Ռիե
► – Ձեր հաղթանակները միշտ ժամանակավոր են լինելու, ահա թե ինչ:
– Միշտ այդպես է լինելու, գիտեմ: Բայց դա պատճառ չէ պայքարը դադարեցնելու համար:
► Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա: