Tert.am-ը գրում է.
Պետական համակարգում ընթացող կրճատումները բացասական են ազդում համակարգի վրա, քանի որ արդեն մի քանի ամիս այդ խոսակցությունները գնում են, և պետական աշխատողները վախի զգացումով են աշխատում, չգիտեն, թե վաղն իրենց հետ ինչ է լինելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Պետական կառավարման համակարգում ընթացող կրճատումների առթիվ Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունը նոյեմբերի 2-ին նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով կանգնեցնել կրճատման գործընթացը:
«Քանի որ մեր երկրում հանրապետական կոլեկտիվ համաձայնագիր կա կնքված և սոցիալական գործընկերությունը աշխատանքային հարաբերությունների հիմքում է դրված, մինչ օպտիմալացման մասին որոշումը պետք է անպայման լիներ արհմիությունների հետ խորհրդատվություն: Այս հարցը պետք է քննարկվեր նաև արհմիությունների աշխատողների ներկայացուցիչների հետ, բայց դա չի արվել, դրա համար մենք առաջարկել ենք կանգնեցնել կրճատման գործընթացը, քանի որ կոնկրետ խորը վերլուծություն չկա, թե դրանից ինչ բարոյական վնաս կկրի պետական համակարգը»,- ասաց Անահիտ Ասատրյանը։
Արհմիությունը դեռ պատասխան չի ստացել վարչապետից: Անահիտ Ասատրյանը հարցը բարձրացրել է եռակողմ հանձնաժողովի նիստի ժամանակ, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, պարզաբանել է, թե հստակ կրճատումների քանակ նախատեսված չէ, պարզապես յուրաքանչյուր գերատեսչություն իր հաստիքների վերանայում է կատարում, ուսումնասիրում է՝ կրկնվող գործառույթներ կա՞ն, թե՞ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



