Նալբանդյան. Ակնկալում ենք առաջիկայում ԵՄ-ի հետ սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համարAysor.am-ը գրում է.

Գործընկերների հետ արդյունավետ խորհրդակցություններ ունեցանք, այսօր Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը կարևորում է այսօրվա հանդիպման անցկացումը: Պետք է ասեմ, որ ունեցանք արդյունավետ խորհրդակցություններ: Մասնավորապես, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և  միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիրը, հետազոտությունների ու նորարարությունների ծրագիրը և այլն:

«Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել