Tert.am-ը գրում է.

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ՝ առանց նախապայմանների: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել էՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


«Ես միշտ, գուցե դա արդեն ոչ պոպուլյար օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ: Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է ՀՀ նախագահը:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իր կողմից վաղուց պատրաստ է ձեռնարկել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր:


«Մինչև 2009 թվականն անգամ մեր որոշ ընկերներ ասում էին, որ մենք բարդութավորված ենք ցեղասպանությամբ, որ մենք պարզապես թուրքերի հետ չենք ցանկանում որևէ հարաբերություն, մինչև նրանք չճանաչեն Ցեղասպանությունը: Բայց մենք գնացինք դրան: Դուք հասկանում եք այդ ժամանակ իմ վիճակը, երբ ես շրջում էի գրեթե ողջ աշխարհով՝ հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ դուրս էին եկել այդ երկրի՝ հայկական ծագումով հազարավոր քաղաքացիներ, որոնք պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները (Հայ-թուրքական արձանագրությունները- Tert.am): Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,- ասել է Սերժ Սարգսյանը:


«Արդյունքում՝ ստորագրեցինք, նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում: Էլ ի՞նչ անել: Ասել. այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները: Եվ հետո՞: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց մի կոնֆլիկտ կլինի, կրկին կփակի: Դա մեզանից չէ կախված»,- ասել է Հայաստանի նախագահը:


Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը: «Ցանկանում եմ, որ թուրք երիտասարդությունը հասկանա, որ նա մեղավոր չէ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել: Որովհետև իրականում ո՞րն է այսօրվա թուրք երիտասարդության մեղքը: Հասկանո՞ւմ եք»,- ասել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել