Aravot.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկուշաբթի Փարիզում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Nouvelles d’Armenie-ն: Ֆրանսիայում Հայկական կազմակերպության համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը Սարկոզիին է ներկայացրել հայկական համայնքի մտահոգության առարկա խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը:

Նա նշել է, որ ԼՂ անվտանգությունը առանցքային կարևորության հարց է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ եվրոպական քաղաքակրթության համար:

Թորանյանը նաև նշել է, որ Եվրամիությունում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը բացասական հետևանքներ կունենա հայ համայնքի վրա: Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև այն հարցը, որ Սարկոզիին մոտ կանգնած շրջանակները սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ: Ի պատասխան՝ Սարկոզին նշել է, որ քաղաքական որոշում կայացնելիս առաջնորդն ինքն է, ոչ թե իր շրջապատի ներկայացուցիչները:

Նա նաև հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում ինքը պաշտպանել է Հայոց ցեղասպանությանը ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի նախկին նախագահը հաստատել է, որ, ի տարբերություն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի, ինքը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը: Անդրադառնալով ցեղասպանությունների խնդրին՝ Սարկոզին թվարկել է 20-րդ դարի ցեղասպանությունները (Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Կամբոջայի և Տուցիների ցեղասպանությունները) և ընդգծել է, որ հայերի պայքարն այդ ուղղությամբ բարձրացնում է ամբողջ աշխարհում ցեղասպանությունները կանխելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել