Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 29-ին հարցաքննության է կանչվել Ուկրաինայի Գլխավոր դատախազություն՝ որպես Մայդանի ակտիվիստների դեմ հանցանքների գործով վկա։
Հարցաքննության համար կա նախագահի հետ սկզբունքային պայմանավորվածություն։ Այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Գորբատյուկը։
Նրա խոսքերով՝ ավելի վաղ հարցաքննությունը հետաձգվել է 3 անգամ, սակայն այս անգամ Պորոշենկոյի հետ ձեռք է բերվել հարցաքննության համար սկզբունքային պայմանավորվածություն։
Գորբատյուկը հավելել է, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մտադիր է հարցաքննության կանչել նաև Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին ու Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ կապված 2014 թվականի հունվար-փետրվարին Մայդանի իրադարձությունների հետ։



