1025804095Araratnews.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչները քննարկել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորված կամ աշխատանքից հեռացված դատավորների ու դատախազների խնդիրը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժան ժակ Յուրվոասը հանդես է եկել մեկնաբանություններով:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի մասին ստացվող տեղեկությունները բոլորովին հուսադրող չեն, իսկ Անկարայի բռնած ուղին մի շարք հարցերի առաջացման տեղիք է տալիս:

Ֆրանսիայի արդարադատության նախարարը նշել է, որ ինքն անցյալ ամիս նամակ է հղել Թուրքիայի իր պաշտոնակից Բեքիր Բոզդաղին, սակայն դեռ որևէ պատասխան չի ստացել:

Յուրվոասը տեղեկացրել է, որ նա Ֆրանսիայի անունից եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարին  իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների առթիվ:

Առաջիկա օրերին ֆրանսիացի նախարարը նախատեսում է անհայտ պայմաններում գտնվող թուրք դատավորների և դատախազների հարցը քննարկել Դատավորների միջազգային միության հետ: Նա հայտնել է, որ թե ֆրանսիական, թե միջազգային իրավապահ կառույցները մտահոգված են թուրք դատավորների և դատախազների դրությամբ:

«Մեզ անհանգստացնող հարցով Թուրքիայի կառավարության ընտրած ճանապարհը մի շարք հարցեր է առաջացնում: Շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան հաշվի առնի Եվրահանձնաժողովի կարծիքը»:

Յուրվոասը նաև նշել է, որ սխալ է Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը համեմատել Թուրքիայի արտակարգ դրության հետ: Նա նկատել է տվել, որ Ֆրանսիայում ռեժիմը գտնվում էր խորհրդարանի և դատական համակարգի վերահսկողության տակ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել