168.am-ը գրում է.
«Ըստ իս՝ սա պետական մենաշնորհ է, հասարակությունը կարող օգտակար լինել, բայց պետությունն իր միջոցներով պետք է այս խնդիրները լուծի»,- այսօր Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Ա. Մանուկյանի խոսքով՝ Հայաստանից տարեկան դուրս է գալիս 1-1.5 միլիարդ ապօրինի կանխիկ փող.
«Հարգելի պատկան մարմիններ, այս թիվը պետք է ստուգվի, այս աղբյուրը բերեք բյուջե։ Պետությունը նման անարժանապատիվ նախագիծ չէր բերի, նա ինքը պետք է այս հարցը լուծի։ Ես երկրում գիտեմ 5 միլիարդատեր, այս դահլիճում կա 60 միլիոնատեր՝ այս աղքատ երկրի պայմաններում։ Այդ մարդկանց մեկը պե՞տք է ասի՝ վիճակներս վիճակ չէ, եկեք մի բան անենք, դուք վերցրեք ձեզ վրա։ Բոլորը գիտեն՝ 40 տոկոսը մեր երկրում ստվերային տնտեսություն է, որը կազմում է 1 միլիարդ դոլար»։
Դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանին՝ Ա. Մանուկյանն ասաց. «Սեյրան ջան, ախր դու՝ զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը կարող ա, ջհանդամ, չիմանանք՝ բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները, եթե գիտես, Աստված չպե՞տք է պատժի այդ գողացողներին»։



