Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նման նախադասություններ է ցիտում բոլոր գերտերությունների և դրանց «վերադիր» 2 կաթողիկոսների մասին, ապա ակնհայտ է դառնում, որ Րաֆֆին միայն զբաղված է պոպուլիզմով: Այո՛, նա ճիշտ է, մենք առաջինը պետք է հարգենք ինքներս մեզ: Բայց նման ձևով վախեցնել գերտերություններին` ուղղակի ծիծաղ է առաջացնում ամբողջ աշխարհի մոտ: Պրն. Հովհաննիսյան, ամբողջովին մտել եք ուրիշ ոճի մեջ, ինչը Ձեզ հարիր չէ: Ձեր մեջ միշտ գնահատել եմ Ձեր արժեքները, բայց չգիտեմ ինչու այսօրվա Ձեր վարած քաղաքականությունը հակասում է հենց Ձեր արժեքներին և սկզբունքներին: Դուք ավելի շատ խաղաղության սիմվոլ եք եղել, և մարդիկ Ձեզ վստահել են որպես շատերից տարբերվող ժպտերես հայ մարդ: Բայց վերջին մի քանի ելույթներում և հարցազրույցներում Ձեզ մոտ նկատվում է ագրեսիվություն և ժողովրդին բախումների տանող առաջնորդի հայտարարություններ, ինչին Դուք միշտ դեմ եք եղել: Դուք ինքներդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատ հետևանքներ կունենան այդ բախումները մեր երկրի համար, և որ Ձեր կողմից հնչեցված ծրագրերը իրագործելի չեն` կլինի դա տնտեսական, թե արտաքին գործերին վերաբերվող: Զգոն դատեք ամեն մի պահ և դուրս բերեք ժողովրդին այդ անդունդից, քանի որ ոչ միայն Ձեր թիմն է գալիս Ձեր ետևից, այլև շատ ՀՀ քաղաքացիներ: Կներեք, որ ինձ թույլ եմ տալիս Ձեզ խորհուրդներ և գնահատական տալ, բայց ընդունեք ևս մի քաղաքացու կարծիք, ով Ձեր թիմից չէ: Կանգնեցրեք այս ամենը` Ձեր ժպիտը վերածվում է ատելության և անհանդուրժողականության, քանի որ այսօր Ձեր թիմակիցները, և դուք սկսել եք սպառնալ մյուսներին` ասելով՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է: Պետք չէ ազգին տանել պառակտման: Շնորհակալություն և ևս մեկ անգամ ներողություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել