Tert.am-ը գրում է.

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնում է չհայտարարված նախընտրական քարոզարշավի այս փուլում հնարավոր միավորումներին, քաղաքական դաշտի հիմնական խաղացողների գործելաոճին, մոտիվացիաներին, հնարավոր զարգացումներին ու սցենարներին, քաղաքական սերնդափոխության խնդրին, նոր կառավարությունից հասարակական սպասելիքներին: Նրա բանձևմամբ` ընդդիմության հիմնական խնդիրը գալիք ընտրություններում պետք է լինի ԸՕ-ով կանխադրված ծուղակը շրջանցելը, քաղաքական բանավեճ բացելն ու, ընտրությունը «Կալցևոյի Էդիկի և Որոգայթի Աշոտի միջև է»՝ մեզ պարտադրվող բանաձևից դեպի «ինչպիսի երկրում պիտի ապրեն մեր զավակները» կոնցեպտ տեղափոխելն է։

-Պարոն Պողոսյան, հիմա չհայտարարված պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջան է: Եթե մի կողմ դնենք դաշտի հիմնական խաղացողներից ՀՀԿ-ին, ապա, ըստ Ձեզ, քաղաքականապես որքանո՞վ է ադեկվատ մյուս քաղաքական ուժերի կեցվածքը: Նկատի ունեմ այն, որ բոլորը խոսում են միավորվելու անհրաժեշտության մասին, բայց գործնական քայլեր չեն անում, կամ՝ ասում են, որ դեռ որոշում չունեն:

-Գիտեք, իմ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր դաշտի միավորման հարցով ավելի շատ «ցավում են» հանրապետականները, քան նրանք, ում անհրաժեշտ է դա։ Համաձայնեք՝ զվարճալի իրավիճակ է։ Իսկ ո՞վ է ասում, որ ընդդիմադիր դաշտի գերնպատակը միավորվելն է։ Իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ ինձ դուր է գալիս ընդդիմադիր դաշտն իր ողջ սպեկտրով, իր տարբերություններով, ուղղությունների բազմազանությամբ, ի վերջո, ազատությամբ. մի բան, ինչին այդպես էլ կարոտ է յուրաքանչյուր հանրապետական։ Անշուշտ, կոնսոլիդացիոն գործընթացներ կլինեն, բայց ես դեմ եմ հանուն իշխանության տապալման ծայրահեղ լիբերալի ու կոմունիստի միավորմանը. այդպես մենք մի փորձանքը կփոխարինենք մյուսով։ Ընդդիմության հիմնական խնդիրը գալիք ընտրություններում ընտրական օրենսգրքով կանխադրված ծուղակը շրջանցելն է, քաղաքական բանավեճ բացելն է, և ընտրությունը «Կալցևոյի Էդիկի և Որոգայթի Աշոտի միջև է»՝ մեզ պարտադրվող բանաձևից դեպի «ինչպիսի երկրում պիտի ապրեն մեր զավակները» կոնցեպտ տեղափոխելն է։ Մի բան, ինչը ընդդիմության հիմնական խաղացողները, վստահ եմ, գիտակցում են։ Ապրենք, տեսնենք։

-Գուցե այլ հավասար պայմաններում համաձայնեի Ձեզ հետ, որ միավորվելը ընդդիմության գերնպատակը չպետք է լինի, բայց, կարծում եմ, չեք մերժի պնդումս, որ այսօր չունենք այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն ռեսուրս միայնակ պայքարի դուրս գալու և լուրջ հավակնություններ ներկայացնելու համար։ Եվ կարելի է կանխատեսել, որ մի շարք ուժերի միավորում, հաստատաբար, տեսնելու ենք։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ հարցնել. ըստ Ձեզ՝ 2017-ի ԱԺ ընտրություններին հայաստանյան տարբեր ընդդիմությունների համար լավ ցուցանիշներ արձանագրելու ճանապարհը նախընտրակա՞ն, թե՞ հետընտրական դաշինքներն են: Նկատի ունենանք նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ հետընտրական դաշինքներից մեկի ճակատագիրը Վանաձոր քաղաքի օրինակով:

-Լավ օրինակ բերեցիք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Վանաձորի ընտրություններում մենք հաջողությամբ սպանեցինք այն ողջ բարի տեսլականը, որի շուրջ անձամբ ես էլ կողմ եմ քվեարկել Սահմանադրության փոփոխված տարբերակին։ Մենք խաղի կանոնը հայտարարեցինք քաղաքական պայքարը, կուսակցությունների դերի ավելացումը, գաղափարների մրցավազքն ու մրցակցային կառավարումը, հետո ընտրական օրենսգրքում ու պրակտիկայում՝ Վանաձորում, թաղեցինք այդ ամենը։ Ընդդիմությանը դե ֆակտո առաջարկվում է ցլամարտ։ Իմ կարծիքով, ցլամարտի ելքը կանխորոշված է։ Դժվար չէ դա տեսնել սա՝ անգամ անզեն աչքով։ Խաղի ընդունելի ելքը հենց այն է, որը Սահմանադրության ներկայացման ժամանակ ԱԺ-ում այդքան գեղեցիկ հրամցնում էին հեղինակները. քաղաքական ողջ սպեկտրի հարաբերականորեն համադրելի ներկայացվածություն խորհրդարանում։ Սա պետք է բոլորին, նաև իշխանությանը։ Հատկապե՛ս իշխանությանը։ Թե չէ ցլամարտում հաղթած գրոհայինների ճակատագիրն էլ սովորաբար հետո շատ չի տարբերվում պարտվածի ճակատագրից։

-Ի դեպ՝ կուսակցությունների դերի մեծացման մասին։ Հանրաքվեի ընդունումից հետո՝ անցած 1 տարվա ընթացքում  տեղի ունեցած գործընթացներից պարզ չդարձա՞վ, որ կուսակցությունները, մեղմ ասած, չեն ներկայացնում ժողովրդի տեսակետն ու սպասումները, ու հստակ խզում կա ժողովրդի ու կուսակցությունների միջև։ Կարծես՝ երկու տարբեր իրականություններ լինեն։ Այս մասով վտանգ չկա՞, որ այս ընթացքը կհանգեցնի նրան, որ ժողովուրդը մի օր ոչ կասի այդ ուժերին։

-Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Կրակող ավտոմատները՞։ Կներեք, իմ պատկերացմամբ կրակող ավտոմատները միայն առաջին գծում են լինում։ Եթե մենք բոլորս միասին չգիտակցենք քաղաքական գործընթացների դերը, տեր չկանգնենք կուսակցությունների կայացմանը, պետականորեն ու ողջ հասարակությամբ առաջ չտանենք այդ գիծը, ժամանակի գնացքը միշտ էլ անցնելու է մեր կողքով։ Ու հերիք է մեղքը տեսնել միայն ռեսուրսներից իսպառ կտրված ընդդիմադիր կուսակցությունների կամ նրանց լիդերների մեջ. մի օր պետք է հասկանալ, որ այդ ամենն իրենց չէ միայն, որ պետք է, բոլորիս է պետք, քաղաքակիրթ կառավարման համար և պատասխանատվության կիսման համար է պետք։ Հերիք է ամեն ինչում դեպի միջնադար նայել, դեպի առաջ նայելիս շատ ավելի գեղեցիկ պատկերներ կան։ Պարզագույն առաջարկ. երկրի բոլոր տիպի ռեսուրսների վրա մեծ ձեռքը դրած հանրապետականը հանգիստ կարող է օրենսդրական նախաձեռնություն առաջ տանել՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր կուսակցություններին ինչ-որ բանաձևով եղածին ի լրումն զգալիորեն ֆինանսավորելու մասին։

Առաջարկս առաջին հայացքից կարող է քամահրանք առաջացնել իշխող կուսակցության մոտ, բայց եթե մի քայլ էլ առաջ մտածեին, լրիվ այլ բան կտեսնեին դրա տակ։ Ցավոք, մեր կյանքի, դասականի լեզվով ասած, բոլոր «շանտղությունները» առաջանում են երկու քայլ առաջ չնայելու և առաջնային բնազդին ապավինելու պատճառով։ Ցավոք, դեռ այդպես է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել