Նախ՝ խորհրդանշական էր ասուլիսի վայրի ընտրությունը՝ պատմական Տիգրանակերտ և նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող ազատագրված տարածք, որտեղ վարչապետները եկան առաջնագծից: Ուղերձն ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարաններին:
Երկրորդ՝ Կարեն Կարապետյանը «ֆանտաստիկ ճիշտ, համարձակ և նորարարական» համարեց ԱՀ կառավարության քայլերը, որոնց արդյունքներն արտացոլված են վերջին 8-9 տարվա մակրոցուցանիշներում՝ ՀՆԱ-ի տարեկան մոտ 10 տոկոս աճով, այն էլ խիստ ռիսկային միջավայրում՝ որպեսհակամարտության գոտի:
Երրորդ՝ Շարունակելով նախորդ միտքը՝ կարևոր էր նրանից լսել, որ ՀՀ-ի կառավարությունը Արցախից սովորելու բան ունի: ՀՀ վարչապետը նշեց, որ ուսումնասիրելու են Արցախի փորձը, որպեսզի ՀՀ-ում կիրառեն հաջողված մեխանիզմներն ու մոտեցումները: Նա նույնիսկ խորհրդակցության ժամանակ, ոգևորված Արցախի կառավարության մոտեցումներով ու հաջողություններով, կիսակատակ ասաց, որ պետք է ՀՀ պետբյուջեից հանել «աջակցություն ԼՂՀ-ին»տողը, քանի որ արդեն Արցախն է օգնում ՀՀ-ին: Այդ մտքի ամփոփումը նրա այն խոսքն էր ասուլիսում, որ «Արցախը Հայաստանի տնտեսության դրայվերն է»: Սա շատերի համար սառը ցնցուղ կարող է լինել, հատկապես նրանց, ովքեր պարբերաբար ասում են, որ Արցախը բեռ է ՀՀ-ի պետբյուջեի վրա, այնինչ իրականում, ինչպես Արայիկ Հարությունյանը բացատրեց, «միջպետական վարկ» կոչվածը ձևավորվում է գլխավորապես արցախյան տնտեսվարող սուբյեկտների՝ ՀՀ պետբյուջե վճարած մաքսերով: Հետևաբար, որքան զարգանում է Արցախի տնտեսությունը, այնքան աճում են ՀՀ մաքսերի և միջպետական վարկի ծավալները:
Չորրորդ՝ երկու վարչապետները շեշտադրեցին, որ ԱՀ և ՀՀ պետբյուջեներից զգալի միջոցներ են ուղղվելու առաջնագծի ամրացման ու զինվորների անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներին:
Հինգերորդ՝ կառավարությունների ղեկավարները բարձր փոխվստահություն ցուցադրեցին միմյանց հանդեպ: Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի նշանակումը և գործունեությունը լուսավոր կետ համարեց ողջ հայության համար և մեր ազգի ապագան ինչ-որ չափով պայմանավորեց հենց Կարապետյանի հաջողություններով: Իսկ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրենք ոչ միայն ընկերներ, այլ նաև՝ գաղափարակիցներ են տնտեսության զարգացման հարցում: Դա նշանակում է, որ երկու կառավարությունների փոխգործակցությունը նոր մակարդակի վրա է դրվում, և արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
Վեցերորդ՝ ԱՀ վարչապետը հայտարարեց, որ հունվարին «Ղարաբաղ տելեկոմ»-ը իջեցնելու է սակագները, ինչպես նաև, կառավարության պահանջով, հետևողական աշխատանք է տանում ծառայությունների որակի անընդհատ բարձրացման ուղղությամբ:
Յոթերորդ՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պետական կառավարման համակարգում կրճատումներ և լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում, որոնք կարող են լինել միայն նոր սահմանադրության ընդունումից հետո:
Ութերորդ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե մինչև 1996թ. ՀՀ-ն ամեն կերպ աջակցում էր Արցախին և 1996-2008թթ.-ին աջակցության միակ ձևը միջպետական վարկի տրամադրումն էր, ապա 2008թ.-ից ՀՀ իշխանությունները բազմակողմանիորեն ուշադրության ներքո են պահում Արցախի զարգացումը՝ աջակցելով հնարավոր բոլոր ուղղություններում ու ծրագրերով: Հետևությունները թողնում եմ ՀՀ նախագահների պաշտոնավարման ժամանակագրությունն իմացողներին...
Իններորդ՝ շարունակելով սակագների թեման՝ Կարեն Կարապետյանը հանգամանալից բացատրեց գազի գնի նվազեցման մոտիվացիան և տնտեսական հիմքերը, որը դրական նորություն է թե՛ ՀՀ և թե՛ ԱՀ քաղաքացիների ու տնտեսվարողների համար:
Ասուլիսն ընթացել է ոչ միայն անմիջական ու ջերմ, այլ նաև՝ անկեղծ մթնոլորտում, ինչի պակասը հաճախակի է զգացվում քաղաքական դաշտում: Երկու վարչապետներն էլ իրենց բնույթով ու աշխատելաոճով աչքի են ընկնում անկեղծությամբ,որը, համոզված եմ, գնահատվում է և՛ լրագրողների, և՛ քաղաքացիների կողմից:
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի այս այցը և երկու վարչապետների տիգրանակերտյան ասուլիսը իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման ու տնտեսական զարգացման վրա:
Սպասենք նորությունների ու բարեփոխումների...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1232841120087456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել